Ոստիկանության գվարդիայի ձևավորումը օրվա իշխանությունների առավելագույն անվտանգությունն ապահովելու համար է. Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը 

– Տիկի՛ն Կարապետյանց, ինչպե՞ս եք վերաբերվում փաստին, որ Հայաստանում նախատեսվում է ձևավորել ոստիկանության գվարդիա, որն «այլևս չի դիտարկվելու այլ զորքի կարգավիճակում և, հետևապես, թե խաղաղ, թե պատերազմական դրությունների ժամանակ կգտնվի ՆԳՆ-ի ընդհանուր համակարգման և ոստիկանապետի անմիջական ղեկավարման ներքո: Ըստ այդմ՝ կունենա մաքուր ոստիկանական ստորաբաժանման կարգավիճակ ամբողջ ոստիկանական համակարգում»:

– Անկախ ամեն ինչից՝ ինչ ոստիկանություն, ինչ անվանում, ինչ ստորաբաժանումների տեսակներ, ինչ համազգեստ ու գործիքակազմ կունենան, ամենակարևորն այն է, թե ովքե՞ր են ղեկավարում Հայաստանում, որովհետև բոլոր ժամանակներում ոստիկանությունը, անկախ իր անվանումներից, օգտագործվել է որպես գործիք, պլյուս-մինուս տարբերություններով։ Եթե նախարարները լինելու են այն մարդիկ, որոնք արդարացնելու են անհամաչափ ուժը, եթե քաղաքական իշխանությունը, օրվա նպատակահարմարությունից ելնելով, արդարացնելու է ոչ իրավաչափ բռնությունները, ապա ի՞նչ տարբերություն՝ անվանումը կփոխվի՞, թե՞ նույնը կմնա։

– Ի՞նչ է ենթադրում ունենալ «մաքուր ոստիկանական ստորաբաժանման կարգավիճակ ամբողջ ոստիկանական համակարգում»:

– Նախկինում ոստիկանության ծառայողները նաև ծառայություն էին իրականացնում սահմանին, այսինքն՝ անհրաժեշտության պարագայում մեկնում էին նաև սահման։ Սա իրականում շատ լավ կլիներ, եթե մենք արդեն վերջնական ու երաշխավորված խաղաղության պայմաններում լինեինք, այդ դեպքում սա գուցե շատ լավ տարբերակ լիներ։ Բայց երբ մենք գտնվում ենք անընդհատ պատերազմական վիճակում, կարծում եմ, որ մեր բոլոր ռեսուրսները պետք է օգտագործենք նախևառաջ արտաքին վտանգից պաշտպանվելու համար։ 

Միայն ոստիկանության մասին չէ խոսքս, ցանկացած քաղաքացի պետք է պատրաստված լինի, բավարար հմտություն ու փորձառություն ունենա՝ անհրաժեշտության դեպքում վտանգը կանգնեցնելու համար։ 2020 թվականի պատերազմը ցույց տվեց, որ մարդիկ պատրաստ էին, նրանք մեկնում էին պատերազմ, բայց այնտեղ մատնվում էին անտերության, որովհետև այդ ամբողջ գործընթացը կազմակերպված չէր։ Հետևաբար, այս պահին, իմ կարծիքով, այս փոփոխությունն անարդյունավետ է, որովհետև մեզ համար արտաքին վտանգը շատ բարձր է, ու դրա մասին խոսում են բոլորը՝ թե՛ ներսից, թե՛ դրսից։ Վտանգի այս պայմաններում ձևական փոփոխություններ անելու ժամանակը չէ։ 

– Ձևակա՞ն եք համարում այս փոփոխությունը, տիկի՛ն Կարապետյանց։

– Ես կարծում եմ, որ սա շատ ավելի խորքային իմաստ ունի, տպավորություն ունեմ, որ Հայաստանը պատրաստվում է ինչ-որ չափով զիջելու իր սուվերենությունը ու անհրաժեշտություն չի տեսնելու պաշտպանել իր սահմանները, ու իրեն պետք է լինելու միայն ներքին խժդժությունները, անհանգստությունները, դժգոհությունները կարգավորել: Դա է պատճառը, որ իրենց պետք է ոստիկանություն, որը միայն ներքին ֆունկցիաներ կկատարի։ 

Եթե այս փոփոխությունը լիներ, օրինակ՝ Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ մենք քիչ թե շատ հարաբերական արտաքին անվտանգային կայունություն ունեինք, բայց հիմա՝ այս բացարձակ տոտալ անկայունության պայմաններում գնալ նման փոփոխությունների, երբ դու հնարավորություն չունենաս ներքին զորքերի այդ խումբ մարդկանց, որոնք ունեն մասնագիտական փորձառություն ու հմտություն, ներգրավել արտաքին անվտանգային հարցերը լուծելու խնդրում, ինձ համար շատ կասկածելի է։ 

Անվտանգության տեսանկյունից էլ՝ եթե Հայաստանը չունենա արտաքին անվտանգություն, էլ ներքին ի՞նչն են կարգավորելու, իմաստն էլ չեմ տեսնում։ Գուցե մի քանի տարի հետո, երբ ամեն բան առավել հանգիստ կլինի ու ապահով, այս փոփոխությունը պահանջված ու արդիական կլինի, բայց այս պահին այլ ենթատեքստ եմ տեսնում, որովհետև այս իշխանությունների բոլոր գործողությունները ուղղված են Հայաստանի համար ոչ դրական ու ավելի երկարատև գործընթացների։

– Այսինքն՝ կարծում եք, որ այս ծառայության հիմնական գործառույթը լինելու է հիմնականում ներքին հարցերի կարգավորո՞ւմը, ինչպես նշել է նաև փոխնախարարը՝ «հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը…հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը»:

– Այո՛, օրվա իշխանությունների առավելագույն անվտանգությունը ապահովելու համար է, իսկ արտաքին վտանգն անտեսվում է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am