Նման միջոցների կիրառումը ոչ միայն անթույլատրելի է, այլև օրեսդրության բացարձակ խախտում է. Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը գրում է.

«Այսօր դարձյալ ոստիկանության հատուկ միջոցները կիրառվել են օրենսդրության բացարձակ խախտմամբ և արդյունքում գրեթե 80 քաղաքացի ստացել է վնասվածքներ։

Նախ, հատուկ միջոցի կիրառմանը պարտադիր պետք է նախորդի հստակ հայտարարություն, որպեսզի ոստիկանության գործողությունները լինեն կանխատեսելի, իսկ այն անձինք, հատկապես կանայք և երեխաները, որոնք պետք է հեռացվեն այդ տարածքից հասցնեն դա անել։

Ապա, նման միջոցների կիրառումը ոչ միայն անթույլատրելի է, այլև օրեսդրության բացարձակ խախտում է, քանի որ ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի ապրիլի 20-ի 09-Ն հրամանի համաձայն` լուսաձայնային հատուկ միջոցների գործարկումը կարելի է միայն բաց տեղանքում, մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա․ Նման իրավիճակ էր ստեղծվել նաև 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի առաջնորդած շարժման ժամանակ, երբ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի հրամանով, 2018 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայում անցկացվող բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ գործադրեց 4 հատ լուսաձայնային նռնակ՝ վնաս պատճառելով 40 քաղաքացու։

2018 թվականին այսօրվա իշխանության ներկայացուցիչները հավաստիացնում էին, որ իրենց օրոք բացառվելու է նման միջոցների կիրառումը, բայց այսօր մենք տեսնում ենք պատմության կրկնություն»։