Փաշինյանը հասկանում է, որ կա ՀԱՊԿ-ից դուրս գալու համաժողովրդական ըմբռնում, ու դա օգտագործում է. Դավիթ Կարապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը

– Պարո՛ն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը և ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չեն այցելի, քանի դեռ Բելառուսի նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է, ԱԳՆ-ից էլ հայտնում են, որ Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան խորհրդակցությունների։ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը։ Ինչպե՞ս եք գնահատում հայտարարությունն ու դեսպանի կանչումը Երևան։

– Արարատ Միրզոյանը երեկ խորհրդարանի բարձր ամբիոնից փորձեց այդ ձևակերպումը «հստակեցնել» առ այն, որ վարչապետն ասել է՝ երբ ուզենք, ՀԱՊԿ-ից դուրս կգանք՝ առանց հետքայլի, բայց փաստացի ուղիղ մեսիջը նրա մասին էր, որ կա նման մտադրություն, հետևաբար դա ներքին օրակարգում է։ Բայց մեկ օր անց, ստացվում է, որ մեր երկրի ղեկավարը կարող է նման քաղաքական հայտարարությանն այլ ձևակերպում տալ ու հայտարարել դուրս գալու մասին ու հայտնել հստակ դիրքորոշումը՝ որպես այդպիսին։ 

Ես, իհարկե, գոհ եմ այն առումով, որ գոնե հստակեցում եղավ քաղաքական հայտարարության մակարդակով, բայց գործնականում արդյոք ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ՝ արդեն հարցի մյուս կողմն է, դրա համար էլ Դմիտրի Պեսկովն այսօր ասաց, որ Ռուսաստանը դեռևս կշարունակի Հայաստանի հետ ՀԱՊԿ-ի վերաբերյալ դիրքորոշման հստակեցումը ճշգրտել՝ ակնկալելով, որ երկրների հարաբերությունները ամեն դեպքում կշարունակեն դաշնակցային հունով ընթանալ։ 

Բայց այստեղ պետք է հիմա հասկանանք՝ նաև Ռուսաստա՞նն էր ակնկալում, որ նման պատասխան կլինի, և ՀԱՊԿ-ից դուրս գալը կլինի սեփական դիմումի համաձայն, որովհետև այստեղ կարելի է բազմաշերտ ենթադրություններ անել։ Այս պահին դեռևս պաշտոնական հայտարարություն չենք լսել ՀԱՊԿ-ից, ու ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ն էլ կսպասի, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու սևով սպիտակի վրա գրված որոշումը կուղարկվի Մինսկի կենտրոնական գրասենյակ։ Հիմա պետք է սպասել ու տեսնել՝ գործնականում կլինի՞ գործընթացի մեկնարկը, թե՞ ոչ։ 

– Ձեր գնահատմամբ՝ կլինի՞, թե՞ ամեն բան մնալու է հայտարարությունների մակարդակում։

– Ես կարծում եմ, որ առայժմ մնալու է հայտարարությունների մակարդակում, որովհետև Հայաստանը պատրաստ չէ, ու դա գիտակցում է նաև վարչապետը, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը դեռևս նպատակահարմար չէ՝ մեկ, երկրորդը՝ փոխարինող չկա՝ որպես այդպիսին, երրորդ՝ շատ լուրջ հարց է, որ եթե նույնիսկ փոխարինող չկա, որպես արտաբլոկային երկիր մենք ի զորո՞ւ ենք մեր սեփական անվտանգությունն ապահովել՝ առանց վերպետական որևէ ռազմաքաղաքական կառույցի։ 

Այստեղ նաև պետք է հասկանալ չորրորդ կարևորագույն կետը, թե այս համատեքստում, դուրս գալով ՀԱՊԿ-ից, ենթադրենք, դե յուրե դա ստացվեց, ինչպիսի՞ հարաբերությունների մեկնարկ ենք տալիս անդամ երկրների հետ կամ ինչպիսի՞ փակուղի ենք մտցնում այդ հարաբերությունները։ Մանավանդ որ այդ հարաբերությունների հիմքում արդեն իսկ դրված է ոչ թե դիվանագիտական էթիկան, այլ՝ քինապահությունը, նեղացկոտությունը, որոնք քաղաքական կատեգորիաներ չեն։ 

– Պարո՛ն Կարապետյան, այդ դեպքում Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է նման հայտարարություններով հանդես գալիս։ 

– Դեմագոգիկ ու մանիպուլյատիվ բնույթ են կրում, որովհետև նա հասկանում է, որ կա ՀԱՊԿ-ից դուրս գալու համաժողովրդական ըմբռնում, ու դա օգտագործում է։ Եթե նկատել եք՝ այնպիսի հայտարարություններ է իրեն թույլ տալիս, ինչպես, օրինակ՝ 5 հազար դրամով փողոց են դուրս եկել, երբ հետո իր ներքին գործերի նախարարը հերքում է նման բանը։ 

Նման հայտարարություններ է անում, ինչպիսին՝ 2018-ին ես պետք է ասեի, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում պետք է լինի, առանց հաշվարկելու, որ խոր պատասխանատվության տակ է մտնելու, երբ իշխանությունից զրկվի։ Հետևաբար, տվյալ հայտարարությունները, տվյալ դեպքում՝ ՀԱՊԿ-ի մասով, ավելի շատ այսրոպեական, էմոցիոնալ է, գուցեև նա «ալիքներն» է ստուգում, բայց ինքը գիտի մի կարևորագույն փաստ, որ ժողովրդի մեծ մասը դրա հետ համաձայն է, ու օգտագործում է դա՝ պաթոսախեղդ արտահայտություններով։

– Բացի այն, որ նա պատասխանատվության տակ է մտնում, ինչպես ասում եք, կոնկրետ հիմա նման հայտարարություններն ի՞նչ հետևանք են ունենալու։

– Փաստացի՝ ոչ մի հետևանք, նորից եմ կրկնում, նման հայտարարությամբ, ինչպիսին է՝ պետք է 2018-ին ասեի, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, իմ ձախողումն է, չեմ ասել, արդեն տալիս է իրեն բանտախցերում առհավետ պահելու լայն իրավական սպեկտր։ Դա նույնն էր, ինչ ժամանակին ասաց, որ պատերազմը կարող էր ունենալ նույն արդյունքը՝ նաև առանց զոհերի։ Այստեղ ես շատ լուրջ մտահոգություն ունեմ, որովհետև համաժողովրդական այնպիսի ցասում պետք է առաջանար նման հայտարարությունից հետո, որ ընդվզում լիներ։ 

– Պարո՛ն Կարապետյան, ես նկատի ունեի ոչ թե հետևանքներ Նիկոլ Փաշինյանի համար, այլ հետևանքներ արտաքին քաղաքականության համար, մեր երկրի համար ի՞նչ հետևանքներ է ունենալու, եթե այդ հայտարարություններին չեն հետևում համարժեք գործողություններ։

– Միջազգային ասպարեզում կորչում են իր գործընկերների հարգանքն ու վստահությունը իր հանդեպ, ինքն ընկալվում է որպես անլուրջ ղեկավար, պահի տակ հայտարարություններ անող, գուցեև նրանց վարքի մեջ էլ փոփոխություն լինի, շատ հավանական է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am