Ադրբեջանը չի կարող հավերժ ձգձգել բանակցությունները, նա ունի նաև որոշակի միջազգային ճնշում առաջին հերթին ԱՄՆ-ի կողմից. Սամվել Մելիքսեթյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը

– Պարո՛ն Մելիքսեթյան, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած՝ «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կա նաև ԼՂ-ի վերաբերյալ, ու բանաձևը կոչ է անում Ադրբեջանին «ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի բոլոր կալանավորներին, ինչպես նաև Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին»։ Ըստ ձեզ՝ Ադրբեջանն անսալո՞ւ է այս կոչին։

– Պետք է հասկանալ՝ մոտակա շրջանում ինչ զարգացում են ունենալու հայ-ադրբեջանական հարաբերությունները, խաղաղության պայմանագրի շուրջ այդ բանակցությունները և այլն։ 

– Իսկ ձեր գնահատմամբ՝ ի՞նչ զարգացում են ունենալու, որովհետև հայկական կողմը նշում է, որ մեկ ամսվա ընթացքում իրենք պատրաստ են կնքել այդ պայմանագիրը, իսկ ադրբեջանական կողմն ասում է, որ Հայաստանի Սահմանադրությունը խոչընդոտ է, քանի որ այնտեղ «ամրագրված են տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ»։

– Կարծում եմ, ընդհանուր առմամբ Սահմանադրության մասին այդ կետը ներառվելու է խաղաղության պայմանագրի մեջ, որովհետև կա ընդհանուր ըմբռնում, որ այդ կետը, գուցե նաև Ադրբեջանի Սահմանադրության մեջ, այսինքն՝ պետք է նշվեն այն բոլոր հարցերը, որոնք կարող են խոչընդոտել կամ տարածքային պահանջներ ունենալ իրենց մեջ, ինչ-որ ձևով այդ դրույթները լինելու են: 

Մենք ունենք հայկական կողմի հայտարարությունները, ու նաև այդ գործընթացի տրամաբանությունից է ելնում՝ որպես նախապայման այն ուղղակի չի կարող արդյունք տալ։ Ես կարծում եմ, որ այդ կետը չի լինելու խաղաղության պայմանագրի նախապայման, որպես արդյունք ու հետագա տարիներին ինչ-որ փոփոխությունների ենթակա կետերից մեկ ներառվելու է։

– Նկատի ունեք, որ Սահմանադրությունը պետք է փոխվի՞, թե՞ ձեզ սխալ եմ հասկանում, պարո՛ն Մելիքսեթյան։

– Այս հայ-ադրբեջանական գործընթացը, որ կա, ենթադրում է, որ եթե մենք ունենք խնդիր, ապա այդ հարցերը ներառվելու են պայմանագրում՝ ոչ թե որպես նախապայման, այլ որպես երկար գործընթաց, որը կողմերը կանեն ժամանակի ընթացքում։ 

Կարծում եմ՝ Սահմանադրության այս կետի ընկալումը՝ 1990 թվականի Հռչակագրի, որն իր հերթին հղում է 1989 թվականի Հայաստանի ու ԼՂԻՄ-ի միացման մասին հայտարարության, իհարկե, իմ ընկալմամբ, ենթադրում է, որ ապագայում փոփոխություններ են լինելու, բայց որպես նախապայման անհնար է, որ դա աշխատի։ Ես վստահ եմ, որ սկզբից լինելու է խաղաղության պայմանագիրը, հետո նոր այլ գործընթացներ։ 

– Իսկ համակարծի՞ք եք այն վերլուծաբանների հետ, որ իրականում Ադրբեջանը բնավ էլ չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, թեև իշխանության ներկայացուցիչները ևս այդ մասին ասում են։

– Կարծում եմ, որ Ադրբեջանն այս գործընթացից ցանկանում է պոկել մաքսիմալը ու փորձում է վերջնական լուծումներ տալ այն հարցերին, որոնց շուրջ ինքը ինչ-որ շահեր կամ մտավախություններ ունի: Բայց մենք տեսնում ենք, որ անցած տարվա դեկտեմբերից, թեև այդ հայտարարություններից հետո հակասական այլ հայտարարություններ են լինում, ամեն դեպքում, դեէսկալացիայի միտումն ակնհայտ է, ու, իմ կարծիքով, նույնիսկ խաղաղության պայմանագրից հետո էլ չի ենթադրվում, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները մի քանի տարվա ընթացքում նորմալացվելու են այն աստիճանի, որ մենք դա համեմատենք Վրաստանի կամ այլ նորմալ միջպետական հարաբերությունների հետ: Բայց ես կարծում եմ, որ հիմա իսկապես կա որոշակի հնարավորություն գուցե այնպիսի լուծումների, որոնք ենթադրում են հետագա քայլերում դեէսկալացիա։ 

– Իսկ Ադրբեջանի կողմից այդ շահագրգռվածությունը տեսնո՞ւմ եք։

– Իհարկե, Ադրբեջանը փորձում է զիջումներ կորզել, բայց չի կարող այս բանակցությունները հավերժ ձգձգել, ինքն ունի նաև որոշակի միջազգային ճնշում առաջին հերթին ԱՄՆ-ի կողմից։ Կա կոմունիկացիաների խնդիրը, այսինքն՝ այսպես կոչված Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա միջանցքը, որ Կենտրոնական Ասիայից ու Չինաստանից պետք է դառնա այլընտրանքային ճանապարհ Ռուսաստանի ու Արևմուտքի հակամարտության պայմաններում՝ Ռուսաստանը շրջանցող, ու այստեղ կան կարևոր շահառուներ ու հետաքրքրված կողմեր, ու այստեղ Ադրբեջանի ամբողջ դերը կայանում է նրանում, որ ինքը դարձել է կարևոր երկիր, որը մատակարարում է նաև էներգառեսուրսներ Արևմուտքին, առաջին հերթին՝ ԵՄ մի քանի պետությունների, նաև տարանցիկ առևտրում Ադրբեջանի դերը կարող է աճել։ Իհարկե, Ադրբեջանը շահագրգռվածություն ունի գնալ գործընթացների, բայց նաև փորձում է այդ ընթացքում իր համար ինչ-որ մաքսիմալ բարենպաստ լուծումների հասնել։ 

– Պարո՛ն Մելիքսեթյան, կարծում եք, որ Ադրբեջանը միջազգային այդ ճնշումներին ուզած թե չուզած տեղի՞ է տալու։

– Այո՛, իհարկե, որովհետև Ադրբեջանի էներգառեսուրսների հիմնական շուկան Արևմուտքն է, որի հետ Հայաստանի հարաբերությունները, ակնհայտ է, շատ ավելի լավ են, քան Ադրբեջանի հարաբերությունները: Նաև՝ էսկալացիայի շարունակությունը խոշոր ռազմական միջադեպերի միջոցով Ադրբեջանին կարող է սանկցիաների ու այլ անցանկալի իրողությունների առաջ կանգնեցնել։ Քանի որ ռիսկերն ավելի շատ են, քան ձեռքբերումները, ինքը փորձելու է, իհարկե օգտագործելով շանտաժը, այլ ճանապարհներով հասնել իր նպատակներին։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am