Սահմանազատման գործընթացի երկրորդ փուլը տեղի չի ունենա, որովհետև Ադրբեջանը չի պատրաստվում զորքը հետ քաշել ՀՀ սուվերեն տարածքից. Արամ Փոլադյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Արամ Փոլադյանը

– Պարո՛ն Փոլադյան, օրերս Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընթացքում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Ինչպե՞ս եք գնահատում հանդիպումը, ադրբեջանական կողմում ի՞նչ մեկնաբանություններ կան այս հանդիպման վերաբերյալ։

– Կարևոր եմ համարում ընդգծել, որ Ադրբեջանի ահաբեկչական ռազմաքաղաքական ղեկավարությունը այս հանդիպումը կփորձի մեկնաբանել որպես «խաղաղության պայմանագրին» միտված բանակցությունների շրջանակներում արվող քայլ։ Բայց ես ասել եմ, որ Ադրբեջանը, այո՛, դե ֆակտո հրաժարվել է բանակցություններից, բայց փորձում է այլ ֆոն ստեղծել, ու նման հանդիպումները կարևոր են Ադրբեջանի համար՝ մասնավորապես COP29 միջազգային ամենախոշոր իրադարձությանն ընդառաջ։ 

Այսպես Ադրբեջանը փորձում է վերականգնել այն կեղծ կեցվածքը, որն ուներ մինչ փաստացի բանակցային գործընթացներից հրաժարվելը, որոնք տեղի էին ունենում, որովհետև այն հայտարարությունները, որ հնչեցնում են այդ պետության ռազմաքաղաքական ղեկավարները, ոչ միայն միտված չեն բանակցային գործընթացի զարգացմանը, այլև ընդհակառակը՝ միտված  են բանակցային գործընթացի տապալմանը, ու նման հանդիպումներին մասնակցելը ընդամենը ձևական բնույթ է կրում։ 

– Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ունեցած ելույթներից մեկի ժամանակ ասել է, որ եթե ՀՀ խաղաղության պայմանագրի տեքստը հակասի Սահմանադրությանը, ինչը քիչ հավանական է համարում, այնուամենայնիվ, եթե նման բան լինի, ապա հայկական կողմը կփոխի ՀՀ Սահմանադրությունը։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ՀՀ իշխանությունը պատրաստվում է ադրբեջանական կողմի այդ պահանջը բավարարել, որովհետև տևական ժամանակ է՝ ինչ պաշտոնական Բաքուն պնդում է, թե ՀՀ Մայր օրենքը խոչընդոտում է այդ պայմանագրի ստորագրումը։

– Ցանկացած պահանջ, որ հնչում է Ադրբեջանի ղեկավարության շուրթերից, և ոչ միայն, ցանկացած նմանօրինակ պահանջներին հաջորդելու են երկրորդը, երրորդը, եթե կատարվի մեկը։ Բնականաբար այդ պահանջները ավարտ չեն ունենալու, որովհետև մեկ անգամ ևս վերահաստատում եմ, որ Ալիևին անհրաժեշտ է անդադար լարվածություն պահպանել, ու նա նույնիսկ սեփական պետության շահերին դեմ կարող է գնալ, եթե սրացման որոշում կայացնեն այն երկրները, որոնք նրան աջակցում են։ Այսօր հայատյացության հիմքով պահանջների տեղատարափ է, ու դրանցից ցանկացածի կատարումը բերելու է հաջորդ պահանջի առարկայացումը։    

– Պարո՛ն Փոլադյան, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ասել է, որ դեռ չկա որոշում, թե երբ է սկսվելու սահմանազատման երկրորդ փուլը։ Ո՞րն է դրա պատճառը, ըստ ձեզ։

– Սահմանազատման ու սահմանագծման գործընթացի շարունակությունը մեծ հավանականությամբ տեղի չի ունենա կամ եթե տեղի ունենա, ապա ոչ մոտ ապագայում։ Դրա հիմնական պատճառն այն է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները, առնվազն դատելով իրենց ղեկավարի հայտարարություններից, չեն պատրաստվում դուրս գալ, ընդհակառակը՝ ամրապնդվում են։ Այս պայմաններում խոսել սահմանազատման մասին ուղղակի անհնար է։

– Այսինքն՝ գործընթացի երկրորդ փուլով Ադրբեջանը պետք է հետ քաշի զորքը, ինչը չի պատրաստվում անել, դրա համար էլ գործընթացը ըստ էության կանգնա՞ծ է։

– Այո՛, որովհետև Ադրբեջանն իրականում խաղաղություն չի ուզում, ինչի պատճառների մասին բազմիցս խոսել ենք մեր հարցազրույցների ընթացքում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am