Իսրայելի գործողություններն Ադրբեջանի համար ոգևորիչ են. հիմք է տալիս չշտապել խաղաղության հարցում, մեծացնել տարածքային պահանջները. Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը 

– Պարո՛ն Պետրոսյան, իսրայելական բանակը սկսել է ցամաքային ներխուժումը Լիբանան, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս հարձակումը։

– Պետք է նշել, որ Իսրայելի նման գործողությունը կանխատեսելի էր, քանի որ ընթացիկ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային իրավիճակներում տեղի ունեցող զարգացումները իր անվտանգային միջավայրը բարելավելու հնարավորություն էին տալիս նրան։ 

Դա է պատճառը, որ Գազայում պատերազմ մեկնարկելուց և որոշակի հաջողություն ունենալուց հետո փաստացի Իսրայելը հնարավորություն էր տեսնում արդեն նմանատիպ հաջողություն նաև Լիբանանի «Հըզբոլլահի» դեմ իրականացնել, որովհետև ներկայում չկա որևէ կանխարգելող հանգամանք կամ ազդեցիկ դերակատար, որը կկանխի Իսրայելի նման գործողությունը նաև «Հըզբոլլահի» դեմ։ 

Մի կողմից ԱՄՆ-ը՝ որպես արտատարածաշրջանային առանցքային դերակատար, զբաղված է ներքին՝ ընտրական գործընթացով, մյուս կողմից՝ տարածաշրջանում ազդեցիկ խաղացողները՝ ի դեմս արաբական մի շարք կարևոր երկրների, հակված չեն այս պահին առարկայորեն խոչընդոտել Իսրայելի գործողությունները։ Հետևաբար, իսրայելական կողմի հաշվարկներով շատ բարենպաստ իրավիճակ է «Հըզբոլլահի» հարցերը լուծելու համար։ 

Առանցքային խաղացողը տարածաշրջանում և որը տուժելու է այս ողջ գործընթացից, Իրանն է, որովհետև «Հըզբոլլահը» Իրանի հովանավորյալ խմբավորումն է, և նաև հենց «Հըզբոլլահի» միջոցով է Իրանը տասնամյակներ շարունակ իր ազդեցությունը տարածաշրջանում ապահովել։ Իրանն է, որ պետք է փորձի աջակցություն ցույց տալ, բայց, փաստացի, իրանական կողմն էլ, աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային իրավիճակից ելնելով, ունի հստակ սկզբունք, կարմիր գիծ՝ չներգրավվելու որևէ լայնածավալ հակամարտության մեջ, հասկանալով, որ իր հակառակորդներն էլ հենց դրան են ձգտում։ 

– Կարծում եք, որ Իրանն այս անգա՞մ էլ չի ներքաշվի ակտիվ ռազմական գործողությունների մեջ։

– Չեմ կարծում, որ առարկայորեն կներգրավվի։ Իրանական կողմի միջամտությունները որոշակի հաշվարկների հիման վրա են, այսինքն՝ այնպիսի միջամտություն, որը նվազ խնդրահարույց կարող է լինել ու որը չի կարող ծնել այնպիսի հակազդեցություն, որն Իրանի հնարավոր միջամտության արձագանքը վերածվի տարածաշրջանային պատերազմի, որովհետև, ինչպես արդեն նշեցի, իրանական կողմը խուսափում է դրանից, դա Իրանի համար կարմիր գիծ է։ 

– Պարո՛ն Պետրոսյան, իսկ կոնկրետ մեր տարածաշրջանի համար ի՞նչ հնարավոր հետևանքներ կարելի է սպասել։

– Ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար է վտանգավոր այս ամենը։ Փաստացի իսրայելական կողմն անտեսում, ոտնահարում է միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները, վերանայում է տարածաշրջանի սահմանները, ռազմական ուժի գործադրմամբ իրականացնում է օկուպացիա, ցեղասպանական գործողություններ, ու որևէ մեկը նրան չի կանգնեցնում, այսինքն՝ սա լրջագույն հարված է միջազգային իրավակարգին, տարածաշրջանային կարգին։ 

Աշխարհն ավելի խորամուխ է լինում անկայունության շրջափուլ՝ դեպի նոր զանգվածային պատերազմի շրջափուլ, որովհետև եթե Իսրայելը նման ծայրահեղական նպատակներ է հետապնդում, ու առանցքայիններից մեկն էլ Իրանին պատերազմի մեջ ներքաշելն է, ապա Իրանի ցանկացած գործողության նրանք կարող են պատասխանել լայնածավալ հարձակման ձևով, ու դրանով իսկ ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ տարածաշրջանային երկրներին ներքաշել պատերազմի մեջ։ Այս խնդիրն էականորեն առկա է, ու այս մտավախությունն ու սպառնալիքը կան ամբողջ աշխարհի համար։

– Իսկ թուրք-ադրբեջանական տանդեմն ի՞նչ գործողությունների կարող է գնալ Հայաստանի դեմ՝ օգտվելով այս ամենից։

– Հայաստանի հետ կապված ուղիղ սպառնալիք չկա։ Առաջնային խնդիրը Լիբանանում մեր հայրենակիցների ճակատագիրն է, որը թեպետ այս պահին վերահսկելի է անվտանգային առումով, բայց եթե պատերազմը Լիբանանում ավելի մեծ ծավալ ընդգրկի, ապա ամբողջ Լիբանանով տարածվելու հավանականություն կա, ու դրանից, բնականաբար, տուժելու են մեր հայրենակիցները, ու գուցե Հայաստան ներգաղթի խնդիր առաջանա։ 

Ինչ վերաբերում է ադրբեջանա-թուրքական տանդեմին, ապա, բնականաբար, Իսրայելի գործողություններն Ադրբեջանի համար ոգևորիչ են, քանի որ դա հիմք է տալիս Ադրբեջանին չշտապել Հայաստանի հետ խաղաղության հասնելու հարցում, այլ ավելի մեծացնել տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ, որովհետև քանի աշխարհը գնում է դեպի ավելի անկայունություն, դրան զուգահեռ մեծանում է տարածաշրջանային պատերազմի հավանականությունը, որից էլ վստահաբար կարող են օգտվել նրանք ու իրականացնել այնպիսի գործողություններ, ինչպես Իսրայելը Մերձավոր Արևելքում։ 

Այսինքն՝ քանի կա այդ հավանականությունը, Ադրբեջանն ավելի մեծացնում է Հայաստանի նկատմամբ հավակնությունները, որի վերջին դրսևորումն էլ Իլհամ Ալիևի՝ նախօրեին հնչեցրած խոսքն էր, որում հերթական անգամ հստակ տարածքային հավակնություններ էր ներկայացնում Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև Բայրամովի՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում ունեցած ելույթը, որտեղ ևս շրջանառվեց «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը։ 

Ինչ վերաբերում է բուն ագրեսիային ու պատերազմին, ապա դա կարող է լինել, եթե ծավալվի տարածաշրջանային մեծ պատերազմ, որը կարճաժամկետ հեռանկարում այդքան էլ կանխատեսելի չէ, բայց դրա հավանականությունը կա։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am