Հայտնի են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցույթի հաղթողները. ԿԳՄՍՆ

Կայացել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությունը:Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հաղորդագրությունից: «Մեդիալաբի» լրագրող Սոնա Մարտիրոսյանի «Խոցելի մարդիկ, անտեսված խնդիրներ. թրաֆիքինգը Հայաստանում նոր պատկերով» հոդվածը ևս արժանացել է մրցանակի:

Մրցանակաբաշխությանը ներկա է եղել ԿԳՄՍՆ երիտասարդության հարցեր վարչության պետ Զարա Ասլանյանը:

Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը՝ դրանով իսկ նպաստելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված ազգաբնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացումը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը՝ կարևորելով թրաֆիքինգի մասին հանրության լայն իրազեկումն այն կանխարգելելու տեսանկյունից։
«ԿԳՄՍ նախարարությունն այս ուղղությամբ իրականացնում է ոչ միայն լրագրողների մրցույթ, այլև երիտասարդների իրազեկման ծրագիր, և այս տարի շուրջ 1000 երիտասարդ իրազեկվել է թրաֆիքինգի վտանգների մասին։ Այս բոլոր ծրագրերի նպատակը մեկն է՝ մեր հանրությանը զերծ պահել թրաֆիքինգի հնարավոր բոլոր վտանգներից»,- ասել է ԿԳՄՍՆ ներկայացուցիչը։
Նա մրցույթի կայացման գործում կարևորել է նաև փորձագիտական հանձնաժողովի արհեստավարժ և անաչառ աշխատանքը։

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությունն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝ հեռուստա/ռադիո արտադրանք, տպագիր և էլեկտրոնային նյութեր:

2024 թվականին ներկայացվել է 16 հայտ, որից 11 հայտը՝ «Տպագիր և էլեկտրոնային նյութեր» անվանակարգում, 5 հայտը՝ «Հեռուստա/ռադիո արտադրանք» անվանակարգում:

Մրցանակաբաշխության փորձագետների գնահատման արդյունքում «Տպագիր և էլեկտրոնային նյութեր» անվանակարգի հաղթողներն են՝

1-ին կարգի մրցանակ՝ Թագուհի Մելքոնյան, «Հայաստանում 1,5 տարում շուրջ 3 տասնյակ Հնդկաստանի քաղաքացիներ են տուժել»

2-րդ կարգի մրցանակ՝ Գայանե Գաբոյան, «Մարդկանց շահագործելը եկամտի աղբյուր, լռությունը՝ չարիք դարձած թրաֆիքինգի տարածման հիմնական գործոն»

2-րդ կարգի մրցանակ՝ Քնարիկ Մամիկոնյան, «Փախուստ թրաֆիքինգի ցանցից. Արտակի անհավատալի պատմությունը և պայքարը մարդկային արժանապատվության համար»

3-րդ կարգի մրցանակ՝ Սոնա Մարտիրոսյան, «Խոցելի մարդիկ, անտեսված խնդիրներ. թրաֆիքինգը Հայաստանում նոր պատկերով»

«Հեռուստա/ռադիո արտադրանք» անվանակարգի հաղթողներն են՝

2-րդ կարգի մրցանակ՝ Նարինե Սոլոմոնյան, «Ձեր Փաստաբանը»

3-րդ կարգի մրցանակ՝ Տաթև Աբրահամյան, «Ամենաթողության ջենթլմենները»

Այս անվանակարգում 1-ին կարգի մրցանակակիր չի եղել, քանի որ բարձր միավոր հավաքած հայտ չի եղել:

Մրցանակաբաշխության արդյունքում հաղթող հայտերը պարգևատրվել են դրամական խրախուսմամբ՝

1-ին տեղի համար՝ 300.000 (երեք հարյուր հազար) հազար ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերն ու տուրքերը),

2-րդ տեղի համար՝ 250.000 (երկու հարյուր հիսուն հազար) հազար ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերն ու տուրքերը),

3-րդ տեղի համար՝ 200.000 (երկու հարյուր հազար) հազար ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերն ու տուրքերը):