Քուվեյթի բարի կամքից` «Երեւան Սիթի». Սիրիահայերին կտրոններով օգնություն տրամադրելը` «տիպիկ կոռուպցիա եւ ցինիզմ»

Քուվեյթի բարի կամքից` «Երեւան Սիթի». Սիրիահայերին կտրոններով օգնություն տրամադրելը` «տիպիկ կոռուպցիա եւ ցինիզմ»
Քուվեյթի բարի կամքից` «Երեւան Սիթի». Սիրիահայերին կտրոններով օգնություն տրամադրելը` «տիպիկ կոռուպցիա եւ ցինիզմ»

Հայաստան տեղափոխված սիրիահայերին Քուվեյթի կառավարության հատկացրած 100 հազար ԱՄՆ դոլարը, որը պետք է տրամադրվի կտրոններով`(մեկ կտրոնի արժեքը`20 հազար դրամի, յուրաքանչյուր ընտանիքին կհատկացվի երկու կտրոն) «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցից գնումներ կատարելու համար, քաղաքագետները համարում են իշխանությունների կողմից բիզնես շահերի պաշտպանում եւ ազատ մրցակցային հարաբերությունների խախտում:
Տեղեկացնենք, որ Քուվեյթի կառավարությունը 100 հազար ԱՄՆ դոլար տրամադրել է Հայաստանում գտնվող սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու նպատակով: Որոշվել է այդ գումարը Հայաստանում հաշվառված 1500 սիրիահայ ընտանիքներից տրամադրել առավել կարիքավոր 1000 ընտանիքի 20.000-ական ՀՀ դրամի քարտերով:
«Քուվեյթի կողմից հատկացված 100 000 դոլարը ոչ թե վերածվել է պարենի, եւ փորձ է արվել պարենը բաժանել, այլ կտրոնի կարգով «Երևան Սիթի» խանութներից մարդիկ իրենք 20 000 դրամի իրենց գնումները կկատարեն»,-լրագրողներին հետ հանդիպմանը նշել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցը պատկանում է ՀՀԿ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին, ով նաեւ հայտնի է «Լֆիկ Սամո» մականունով:

«ժառանգության» անդամ եւ քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը նշում է, Քուվեյթի տրամադրած օգնությունը նման կերպ փոխակերպելը ուղղակի «զավեշտի է վերածում երկրի կառավարումը»:

«Սամվել Ալեքսանյանը ամենաաղքատ մարդը չէ այս երկում, ում պետք է այդ գումարները գնան: Դա օրենքի խախտում է, այն առումով, որ որեւէ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ այսպիսի անհավասարություն են կիրառում: Վերջիվերջո ազատ շուկայական հարբերություններ են: Բարի լինեին թող կտրոնները տրամադրեին եւ սիրիահայերը իրենք ազատ լինեին որոշելու որտեղից գնումներ կատարեն: Սա պետական մակարդակով խախտում է ազատ մրցակցային հարաբերությունների»,- «Մեդիալաբին» ասում է Սաֆարյանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նման որոշումը ինքին անբարոյականության ամենավերջին աստիճանն է համարում:

«Առաջինը սա արտահայտում է տնտեսության մոնոպոլիան, օլիգարխիկ բնույթը:

Երկրորդը, որ բիզնեսի շահերը ավելի բարձր են մեր իշխանության համար: Քուվեյթը օգնություն է ուղարկում, իսկ իրանք այդ օգնության վրա փող են ուզում աշխատել»,-«Մեդիալաբին» ասում է Սաքունցը:

Նա նշում է, որ ավելի ճիշտ կլիներ, եթե այդ գումարը հատկացնեին սիրիահայերին եւ թողնեին իրենց հայեցողությանը, թե որտեղից գնումներ կատարեն ու ինչպես այդ գումարն ընդհանրապես ծախսեն, եւ «ոչ թե ուղղորդեին Երեւան Սիթի»:

«Այսինքն այդ 100 հազար դոլարը գնալու է Երեւան սիթիին: Իշխանությունը սպասարկում է Լֆիկ Սամոյի բիզնեսի շահերը: Սա տիպիկ կոռուպցիա է եւ ցինիզմ: Գոնե տենդեր հայտարարեին եւ ոչ թե ուղղորդված պարտադրեին մարդկանց այդտեղից գնումներ կատարել: Սա մարդկային արժանապատվությունը նվաստացնող քայլ է»,-հավելում է Սաքունցը:

Իր հերթին, կառավարությունն ի դեմս սփյուռքի նախարարության, տեղեկացրել է, որ որոշամն «հեղինակը ոչ թե Հայաստանի կառավարությունն է, այլ Հայաստանում Քուվեյթի դեսպանությունը»:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով ձեւավորված հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը:

«Այդ հարցում մենք չենք խառնվել, ոչ սփյուռքի նախարարությունը, ոչ հասարակական կազմակերպությունները: Իրենց առաջարկությունը մենք չէին կարող մերժել, իմաստ էլ չուներ», – ռադիոկայանին տեղեկացրել է Զաքարյանը:

© Medialab.am