Չենք կարող ծառայել համընդհանուր բարիքին՝ տրվելով փառասիրությանն ու իշխանատենչությանը. Գարեգին Երկրորդ

Հայաստանն այսօր «խռովահույզ է ներքին խնդիրներով՝ կեղծիք, անօրինականություն, չարակամություն, արատավոր երևույթներ», որոնք հասարակության մեջ պատճառ են դառնում անվստահության, թշնամանքի, պառակտումի, այսօր Սուրբ Ծննդյան տոնի առթիվ պատգամում նշել է Ամենայն Հայոց կաթողիկոսը։

Գարեգին Երկրորդը շեշտել է, որ սիրո, հաշտության, արդարության ճանապարհով գնալու կոչը իրագործելի է միայն քրիստոնեական կենսակերպով։

«Այս կոչը իրագործելի է, եթե անձնական բարեկեցությանն ու հարմարավետությանը չզոհաբերենք մեր ինքնությունը, ժողովրդի անվտանգությունն ու հայրենիքի բարօրությունը։ Չենք կարող ծառայել համընդհանուր բարիքին՝ տրվելով փառասիրությանն ու իշխանատենչությանը և առաջնայնություն տալով սեփական շահերին»,- ասել է նա։

Որպես ազգ հաջողելու համար Վեհափառը նշել է՝ պետք է ձերբազատվել մոլորեցնող ու բաժանարար մարդկային նենգամտությունից, միաբանվել հանուն պետության անվտանգության, Արցախից բռնի տեղահանվածների նկատմամբ արդարության վերականգնման, հանուն ազգի ու հայրենիքի ապահով և բարօր հարատևության։

«Լինենք միմյանց գործակից և ոչ՝ հակառակորդ, լինենք նախանձախնդիր ծառայելու և ոչ՝ դիրքն ու հանգամանքը չարաշահելու մեջ։ Տարագիր չդառնանք մեր երկրից, ապրենք ու արարենք մեր հարազատ բնօրրանում», – ասված է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձում։