ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրառմանը։ Պատգամավորը նշել է, որ ՄԻՊ-ը ֆեյսբուքյան իր էջում հրապարակված հայտարարության մեջ հորդորել է իրեն պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները և զերծ մնալ պաշտպանի գործունեությունը քննադատելուց՝ սպառնալով քրեական օրենսգրքի հոդվածներով։
«Սա պարզապես խայտառակություն է, ոչ այլ ինչ, քան ինձ լռեցնելու փորձ․ եզակի դեպք ՀՀ պատմության մեջ, երբ Մարդու իրավունքների պաշտպանը սպառնալիք է հնչեցնում ԱԺ պատգամավորի հասցեին՝ բարձրացված խիստ մտահոգիչ հարցերի համար։ Այնինչ, ՄԻՊ-ի իրական գործառույթը պետք է լիներ հենց իմ ահազանգի հետքերով գնալը»,- հայտարարել է պատգամավորը։
Տիկին Մանասյանին վրդովեցրել է իմ հրապարակումն այն մասին, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից խայտառակ իրավիճակ է, և, որ, պատկան մարմինների, ինչպես նաև՝ ՄԻՊ-ի ձեռնարկած քայլերը բավարար չեն իրավիճակը շտկելու համար։ Անհասկանալի է, թե այստեղ ՔՕ ո՞ր հոդվածն է խախտված։
«Իսկ հիշու՞մ է ՀՀ ներկայիս ՄԻՊ-ը էթիկայի մասին, երբ
▪️ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա,
▪️Իշխանական պատգամավորը սպառնում է լեզու ու ականջ կտրել,
▪️Իշխանության տարբեր ներկայացուցիչներ սեռական բնույթի հայհոյանքներ են ուղղում մեր քաղաքացիներին»,- նշել է պատգամավորը։
Նա ընդգծել է, որ քննադատությունից վրդովված ՄԻՊ-ը որևէ արձագանք չի տվել, երբ ապօրինաբար կալանավորվել են ընդդիմադիրներ, անչափահասներ, արցախցիներ, որոնց նկատմամբ հնչել է ատելության խոսք։
«Միայն վերջին 4 շաբաթում քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է 4 մահվան դեպք․ 2-ը ինքնասպանության, 1-ը՝ հացադուլի հետևանքով։ Վերահաստատում եմ պնդումս, որ այս հարցերը նախևառաջ ՄԻՊ-ի գործունեության շրջանակներում են։ Իսկ թե ինչու՞ է նման արձագանքի արժանանում ՄԻՊ-ի կողմից՝ պետք է ենթադրել»,- նշել է պատգամավորը։
Վերջում պատգամավորը դիմել է ՄԻՊ-ին՝ նշելով. «Կոչ եմ անում տիկին Մանասյանին դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն նույն ջանասիրությամբ լծվել իր պարտականությունների կատարմանը»։



















