Ցուցադրական պատիժ․ կամ մի երգի պատմություն 

Լիաննա Խաչատրյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, MediaLab.am)

Թարգեք տեղեկատվական տեռորը։ 

Եթե նա արցախցի չլիներ, աղմուկ չէր բարձրանա։ 

Սա ռուսական ձեռքն է․․․

Այս և նման արտահայտություններով են լեցուն այսօր հայկական սոցիալական հարթակները։ Եվ պատճառը իրանաբնակ ադրբեջանցիների մասնակցությամբ տեսանյութի տարածումն էր։ Այստեղ սրանք «Ջան, Ղարաբաղ» երգն էին կատարում Երևանի գլխավոր հրապարակում։ Բնականաբար, այս տեսանյութը շատերի զայրույթը հարուցեց։ 

ԱԱԾ առաջին արձագանքը տրամաբանական էր. հրապարակվեցին տեսանյութում առկա անձանց անունները։ Իհարկե նրանց ոչ ոք երգելու համար չէր էլ կարող պատասխանատվության ենթարկել, բայց առնվազն այն, որ հանրությանը հայտնեցին՝ համապատասխան կառույցները հստակ հետևում են մարդկանց մուտք ու ելքին, արդեն այդ մեսիջը բավական էր մի քանի օր անց բնակչության զգայուն նյարդը հանդարտեցնելու համար։ Ինչևէ, ինչ-որ պահի, ինչպես ասում են, ինչ-որ բան գնաց սխալ ճանապարհով։

Մեկ օր անց ձերբակալվեց Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի դասախոս, «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» ՀԿ ղեկավար Ղարիբ Բաբայանը։

Բնականաբար այս ձերբակալությունը սաստկացրեց աղմուկը։ Ի հետևանք՝ Ղարիբ Բաբայանն այսօր զրկված է սոցիալական ցանցերում ազատ արտահայտվելու իրավունքից։ Ես իրավաբան չեմ և չեմ կարող ենթադրություններ անել կոնկրետ հոդվածի և պատժի ու կիրառման համաչափության մասին։ Բայց այս ալեկոծումից մի քանի բան պետք է արձանագրենք։ 

Առաջին․ տեսանյութի տարածմանը զուգահեռ սկսեցին բազմանալ գրառումներ այն մասին, որ վիդեոն կեղծիք է, ինչն էլ, բնականաբար, հերքվեց ԱԱԾ-ի կողմից անուն-ազգանունների հրապարակմամբ։ Բայց մտածելու տեղիք տվեց լրագրողներին։ Այդ ինչի՞ց և ինչո՞ւ էին այդքան վախեցել մարդկանց ինչ-որ խմբեր, որ, փրփուրը բերանին, ամեն գնով փորձում էին ապացուցել, որ նման բան չի եղել։ 

Երկրորդ․ արցախցու ֆենոմենը։ Շատերը գրեցին, որ այսքան աղմուկ չէր բարձրանա, եթե հրապարակողը արցախցի չլիներ։ Ես ինքս դեմ եմ, երբ ինչ-որ իրադարձության գույները թանձրացնում են։ Երբ, ասենք, ծեծում են երիտասարդ ցուցարարի և գրում են, որ ծեծել են արցախցու։ Դա սխալ է։ Բայց կոնկրետ այս դեպքում պարոն Բաբայանի արցախցի լինելը շատ կարևոր է։ Քանի որ նա է այդ «Ջան, Ղարաբաղի» հասցեատերը։ Նրան և հարյուր հազարավոր արցախցիներին է նախևառաջ ուղղված երգողների կողմից ճնշելու ու ստորացնելու փորձը։ Հետևաբար՝ նա, ով կորցրել է իր տունը, իրավունք ունի առաջինը նյարդային և հուզական արձագանքելու կատարվածին։ 

Երրորդ․ ցուցադրական պատիժ։ Թիրախային ձերբակալությունը, այն էլ՝ ազատ արտահայտվելու համար, որպես կանոն, ոչ այնքան պատժի, որքան ուժի ցուցադրության համար է արվում։ Նման տեսարանի ականատեսը հաջորդ անգամ ինչ-որ բան գրելուց կամ խոսելուց առաջ մի քիչ ավելի երկար կմտածի։ Արդյոք իրեն հետագայում, թեկուզև ոչ այնքան լուրջ, բայց խնդիրներ պե՞տք են։ Նման քայլերն օգնում են կրճատելու քննադատության ալիքը, որը կարող է և հավանաբար կբարձրանա հատկապես գարնանը, երբ քաղաքական դաշտում ավանդաբար սրացումներ են նկատվում։ 

Չորրորդ․ սա, իմ կարծիքով, թերևս ամենակարևոր կետն է՝ պատժի ընտրովի կիրառում։ Երբ հեռուստատեսությամբ և տարբեր հայտնի դեմքերի շուրթերից ատելության խոսք է հնչում արցախցիների, իշխանամետների, ընդդիմադիրների, կանանց, սփյուռքի կամ այլ խմբերի նկատմամբ, ոստիկանությունը լուռ է։ 

Ոչ մեկի գիշերվա կեսին քարշ չեն տալիս դատարան։ Այս դեպքում, երբ սոցիալական ցանցի ալեկոծումը սկսեց սպառնալ ներքին դաշտում հանդարտությանը, պարզվեց, որ մենք ատելության խոսքի տարածման դեմ հոդված ունենք։ Սա պետության համար, որն ուզում է իրավահավասարություն կառուցել, սարսափելի քայլ է։ Նման գործերով պետությունը հանրությանը ցույց է տալիս, որ օրենքը բոլորի համար չէ։ Օրենքը մահակ է իշխող էլիտայի ձեռքին և կկիրառվի ըստ ցանկության ու պահանջի։ Նման հասարակության մեջ օրինապահությունը դառնում է հարիֆության, իսկ օրինախախտ լինելը, օրենքից խուսափելը, պլստալը՝ տրամաբանական, իսկ երբեմն՝ անգամ գովեստի արժանի վարք։ Մի բան, ինչի դեմ էլ մեծ հաշվով մարդիկ բողոքում էին 2018 թվականին։ 

Դատելով իշխող կուսակցության հայտարարություններից՝ նման երկիր նրանք չեն ուզում կառուցել։ Օրենքի երկիր պիտի լինի՝ խոստանում են մեզ։ Բայց, ցավոք, ստիպված ենք նշել, որ գործող համակարգի վարքը առայժմ ցույց է տալիս հակառակը։ Օրենքի երկրում ոմանք հավասար են, իսկ ոմանք ԱՎԵԼԻ հավասար են օրենքի առաջ։ 

Լիաննա Խաչատրյան

MediaLab.am