Փետրվարի 26-ին ամփոփվեցին «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում ֆինանսավորվող «Արժանապատիվ մայրություն․ ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագրի աշխատանքները։
Ծրագիրը, որը իրականացրել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի դրամաշնորհառու «Կետ 33» հասարակական կազմակերպությունը, ներառել է մանկաբարձական բռնությանն առնչվող լրագրողական-ստեղծագործական մրցույթ և այս խնդիրը հետազոտող ուսումնասիրություն։ Փակման միջոցառման ընթացքում տեղի ունեցավ մրցույթի ամփոփում-մրցանակաբաշխություն։
Լրագրողական նյութերի անվանակարգում չորս խրախուսական մրցանակներից մեկը շնորհվել է «Մեդիալաբի» լրագրող Սոնա Մարտիրոսյանին՝ «Սպի մարմնի ու հոգու վրա. «Ես չէի հավատում, որ սա ինձ հետ է կատարվում». մանկաբարձական բռնության անտես կողմերը» հոդվածի համար։
Մրցանակներ են ստացել նաև Մարիաննա Փայտյանը՝ «Ինչո՞ւ են կանայք տանը ծննդաբերում. երևույթի հոգեբանական ու իրավական կողմերը», Սաթենիկ Հայրապետյանը՝ «Նոր կյանք՝ «կյանքի գնով»․ ինչ է մանկաբարձական բռնությունը» և Գայանե Մարկոսյանը՝ «Մանկաբարձական բռնությունը Հայաստանում․ Չկան թվեր՝ չկա խնդի՞ր» նյութերի համար։
Ստեղծագործական նյութերի անվանակարգում երկու գլխավոր մրցանակները ստացել են Նարինե Գալոյանն իր «Մի ծննդյան պատմություն» և Մարինե Քոչարյանը՝ «Մի ոտքով գերեզմանում» պատմվածքի համար։
Մրցանակները հանձնեց Հայաստանում Շվեդիայի դեսպանության փոխդեսպան, Զարգացման համագործակցության բաժնի ղեկավար Կլաս Վալդենստրյոմը։
Միջոցառման երկրորդ մասում «Մանկաբարձական բռնության դրսևորումները Հայաստանում» որակական հետազոտության հեղինակ, հանրային առողջության մասնագետ Լուսինե Քոչարյանը ներկայացրեց հետազոտության արդյունքները, որոնք վեր են հանել բռնության հիմնական դրսևորումները, այդ թվում՝ անտեսվածություն, տեղեկացված համաձայնության իրավունքի խախտումներ, ցավի նորմալացում, մեկուսիության և գաղտնիության իրավունքի խախտում։
«Արժանապատիվ մայրություն․ ո՛չ մանկաբարձական բռնությանը» ծրագիրը իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։



















