Համահայկական հիմնադրամի նվիրատվությունների էվոլյուցիան. աննախադեպ անկո՞ւմ, թե՞ ոչ. Fip.am

Համահայկական հիմնադրամի նվիրատվությունների էվոլյուցիան. աննախադեպ անկո՞ւմ, թե՞ ոչ. Fip.am
Համահայկական հիմնադրամի նվիրատվությունների էվոլյուցիան. աննախադեպ անկո՞ւմ, թե՞ ոչ. Fip.am

Ազգային ժողովում դեկտեմբերի 4-ին կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է այս տարի «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի շրջանակում ավելի քիչ գումար փոխանցվել, քան նախորդ տարիներին: Փաշինյանն արձագանքեց, որ նախկինում հիմնադրամը չի եղել համահայկական, այլ եղել է նեղ շրջանակի հիմնադրամ:

«Հայաստանի համահայկական մարաթոնին 2017-ին մասնակցել է 3240 քաղաքացի, իսկ 2019-ին 9644 քաղաքացի, այսինքն՝ մասնակցածների թիվը 3 անգամ ավելի է։ 2008-ին, օրինակ, խոստացվել է 35 մլն դոլար, փոխանցվել է 9 մլն դոլար։ Հասկանանք՝ էությունը որն է եղել.  մինչև հիմա վարչահրամայական մեթոդներով գումարներ են հավաքել, օլիգարխներից մուրացել, որտեղ տեղն ա եղել՝ սպառնացել են, նույն մարդկանցից 30 տարի գումար են ուզել, ասել գոնե խոստացի», —ասաց վարչապետը։  

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2019 թ. 22-րդ հեռուստամարաթոնը բուռն քննարկման առիթ է դարձել։ Այս տարի խոստացվել է 9,856,100 դոլար, որը 2 մլն դոլարով քիչ է նախորդ տարվանից։ Քննադատները սա որակում են որպես վստահության պակաս իշխանության հանդեպ։ 

Հրապարակումներ եղան, որտեղ եզրակացնում են, որ հեռուստամարաթոնը տապալված է, «Ազգովի ծիծաղելի իրավիճակում ենք», կամ Սփյուռքը անվստահություն հայտնեց վարչապետ Փաշինյանին, պատճառը հիմնադրամի նախկին տնօրենի մեծ աղմուկով ձերբակալումն էր և այլն։ 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց ստուգել, թե որքանո՞վ է իրականությանը համապատասխանում վարչապետի հայտարարությունը, և ընդհանրապես՝ մարաթոնին որքա՞ն գումար է խոստացվել և որքա՞ն փոխանցվել, ինչպես նաև մասնակիցների քանակը որքա՞ն է կազմել այս տարի և նախորդ 2 տարիներին։ 

Նվիրատվության խոստում  և իրականացված նվիրատվություն

Ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում ստացվում են նվիրատվությունների խոստումներ։ Սակայն միշտ չէ, որ խոստացված գումարները փոխանցվում են։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը Fip.am-ին է տրամադրել անցած 10 տարիներին հիմնադրամին խոստացված գումարների և փաստացի փոխանցված գումարների  չափը, որից պարզ է դառնում, որ խոստումն ու իրականությունը տարբեր են։

 
 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատվությունները

2008-2018թթ․

*Այդ թվում՝ Սամվել Կարապետյանի հայտարարած 15 մլն դոլարը, որը ուղղակիորեն տրվել է ԼՂՀ կառավարությանը` Ստեփանակերտի հիվանդանոցի համար:

Նշենք, որ 2019-ին խոստացված գումարի չափը դեկտեմբերի 3-ի դրությամբ հասել է արդեն 10,235,847 դոլարի։

Այսպիսով, կարող ենք նշել, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե 2008-ին խոստացվել է 35 մլն դոլար, փոխանցվել է 9 մլն դոլար, իրականությանը մասամբ է համապատասխանում,  քանի որ Սամվել Կարապետյանը խոստացված գումարը հիմնադրամին փոխանցելու փոխարեն ուղիղ Արցախի կառավարության հետ է ծրագիրն իրականացրել (հիվանդանոց է կառուցվել)։ 

Հիմնադրամի դրամահավաքին մասնակցած ՀՀ քաղաքացիների և կազմակերպությունների թիվը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը նաև ներկայացրել է վերջին երեք տարիներին հիմնադրամի դրամահավաքին մասնակցած ՀՀ քաղաքացիների և կազմակերպությունների թիվը։ Ըստ այդմ՝ 2017-ին մարաթոնին մասնակցել է 3240 քաղաքացի և կազմակերպություն, 2018-ին՝ 5994, իսկ 2019-ին՝ 9644։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե 2019-ին մասնակցածների թիվը 2017-ի համեմատ 3 անգամ ավելի է, ճիշտ է։ 

Ինչ վերաբերում է դրամահավաքին մասնակցած ընդհանուր նվիրատուների թվին, ապա Հայկակ Արշամյանը նշեց, որ նման վիճակագրություն այս պահին չունի։ Սակայն նա ներկայացրեց Միացյալ Նահանգներից մասնակիցների մոտավոր թիվը, ըստ որի՝ եթե 2018-ին դրամահավաքին մասնակցել է մոտ 12,000 ընտանիք, կազմակերպություն, անհատ, որը 2017-ի համեմատ ավելին է եղել 20 տոկոսով, ապա 2019-ին մասնակիցների թիվը եղել է 14,000-15,000։

Եվրոպայից մասնակիցների թիվն Արշամյանը ևս ստույգ չնշեց, բայց ասաց, որ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս այդ թիվը եղել է շուրջ 10,000։ 

Այսպիսով, հրապարակումները, թե 2019-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատվություններն աննախադեպ քիչ են, փաստացի սխալ է, քանի որ 2017-ին, չնայած ավելի շատ խոստմանը, հիմնադրամին փոխանցվել է 6,732,870 դոլար, իսկ 2018-ին՝ 9,301,704 դոլար։ Իսկ 2019-ին, թեև մարաթոնի օրը խոստացվել է 9,856,100 դոլար, սակայն խոստումները դեռ շարունակվում են. և դեկտեմբերի 3-ի դրությամբ խոստումների չափը 10,235,847 դոլար է, որը դեռևս չի կարելի վերջնական համարել։ 

Նելլի Լազարյան

www.Fip.am