Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալումից հետո Թուրքիայում բողոքի ցույցեր են

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալումից հետո Թուրքիայում բողոքի ցույցեր են սկսվել Մարտի 19-ի վաղ առավոտյան Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է՝ ահաբեկչության օժանդակման, կոռուպցիայի և կաշառակերության մեղադրանքներով։ Նա համարվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիվ մեկ մրցակիցը։

Իմամօղլուի ձերբակալման ֆոնին Ստամբուլում և Թուրքիայի այլ քաղաքներում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել։ ԺՀԿ-ի կոչով հազարավոր մարդիկ դուրս են եկել Ստամբուլի փողոցներ, իսկ կուսակցության նախագահ Օզգյուր Օզելը և Իմամօղլուի կինը՝ Դիլեք Իմամօղլուն, միացել են ցուցարարներին Ստամբուլի քաղաքապետարանի մոտ։ Նրանք վանկարկել են․ «Միայնակ փրկություն չկա՝ կա՛մ բոլորս միասին, կա՛մ մեզանից ոչ մեկը»։

Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ահաբեկչական կազմակերպություն համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) և Քուրդիստանի համայնքների միության (KCK) հետ կապերի համար կալանավորվել է 7 կասկածյալ, այդ թվում՝ Իմամօղլուն։ Ձերբակալվել են նաև Շիշլիի քաղաքապետ Ռեսուլ Էմրահ Շահանը և Ստամբուլի քաղաքապետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Մահիր Փոլաթը։

Կալանքի որոշումից առաջ հայտնի էր դարձել, որ Ստամբուլի համալսարանը չեղյալ է հայտարարել Իմամօղլուի բարձրագույն կրթության դիպլոմը, ինչը շատերը համարում են քաղաքական հաշվեհարդարի մաս։ Բողոքի ակցիաներ են ընթանում Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Ադանայում, Մուղլայում, Էսքիշեհիրում, Ռիզեում և Թունջելիում։ Անկարայում ցուցարարները հավաքվել են ԺՀԿ-ի շտաբի մոտ և երթով շարժվել դեպի Արդարադատության նախարարության շենք։