Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է անում իր քաղաքացիներին չայցելել Ղարաբաղ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է անում իր քաղաքացիներին չայցելել Ղարաբաղ
Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է անում իր քաղաքացիներին չայցելել Ղարաբաղ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր պաշտոնական կայքէջի «Խորհուրդներ ճանապարհորդներին» բաժնում  ֆրանսիացիներին խորհուրդ է տալիս խուսափել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի մերձակա գոտի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղ այցելելուց:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր այդ որոշումը բացատրել է նրանով, թե Ղարաբաղի սահմանային գոտում պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, իսկ Հայաստանի Սյունիքի մարզում առկա է նաեւ ականների վտանգը:

«Լեռնային Ղարաբաղը եւ առավել եւս Ադրբեջանի օկուպացված տարածքները վտանգավոր գոտի են կազմում: Անջատողական միավորումը ճանաչված չէ որեւէ պետության կողմից, եւ մենք չենք կարող ապահովել մեր քաղաքացիների հյուպատոսական պաշտպանությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաեւ Ադրբեջանին վերաբերող հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, թե Լեռնային Ղարաբաղը ներկայացվում է որպես «մեծամասամբ հայ բնակչությամբ տարածք Ադրբեջանի սրտում», «ադրբեջանական տարածքի մոտ 20 տոկոսը օկուպացված է»:

Նշենք, որ սա աննախադեպ հայտարարություն է, որը արվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կողմից: Մինչ այս Ֆրանսիան, որը բանակցություններում միջնորդ է,  մշտապես փորձել է չեզոքություն պահպանել:

Ի դեպ, Ֆրանսիայի ԱԳՆ-ի կողմից հայտարարությունը տարածելուց հետո հայտնի է դարձել, որ փետրվարի 17-ին առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան հատվածում (Ջրաբերդի ուղղությամբ) ադրբեջանական կողմը դիմել է դիվերսիոն գործողության:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնի տեղեկություններով, ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կուռ պաշտպանությանը, թշնամու հատուկ նշանակության ջոկատայինները դիմել են փախուստի:

Ըստ նախնական տվյալների` հակառակորդն ունի կորուստներ, ինչի մասին հաստատել են նաեւ ադրբեջանական աղբյուրները: Պաշտպանության բանակը կորուստներ չի կրել:

© Medialab.am