Փաշինյանն այնպիսի սխալներ է գործում, որոնցից հետո որևէ միջնորդի միջամտելու դաշտն օբյեկտիվորեն սահմանափակվում է. Սուրեն Սուրենյանց 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, ի՞նչ կարելի է ակնկալել այսօր Մոսկվայում կայանալիք եռակողմ և երկկողմ բանակցություններից՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև։

– ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը, իմ կարծիքով, համաձայնեցված լեզվակռվով խափանեցին, հետո տեղի ունեցավ 20-րոպեանոց ոչինչ չասող հանդիպում։ Այդ ժամանակ ես ասացի, որ Երևանն ու Բաքուն համատեղ ուժերով մերժում են ռուսական հարթակը և նախապատվությունն ավելի շատ տալիս են արևմտյան հարթակին։ 

Իմ այս կարծիքն առանձնապես չի փոխվել, բայց երկու կարևոր նրբերանգ կա, այնուամենայնիվ: Առաջինն այն է, որ արևմտյան հարթակներում բանակցություններն ակնհայտորեն մտել են փակուղի, դրանցից բացահայտորեն բողոքում է Փաշինյանը, Agence France-Presse-ին տված վերջին հարցազրույցը դրա լավագույն վկայություններից մեկն է։ 

Երկրորդ՝ մենք տեսնում ենք, որ ռուսական ջանքերի ակտիվացման միտում կա, ու ի տարբերություն շատ կանխատեսումների՝ ուկրաինական հակահարձակումն այնքան էլ բարեհաջող ընթացք չունի, ու այն սպասումները, որ ռուսական ֆիասկո է լինելու, Ռուսաստանը ուր որ է պարտվելու է, կարծես թե չարդարացվեցին։ Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ Ռուսաստանը դարձյալ փորձելու է ակտիվանալ միջնորդական իր ջանքերում, դա կբերի՞ կոնկրետ արդյունքի, ցույց կտա նաև այսօր սպասվող հանդիպումը։ 

Հետաքրքիր է նաև այլ բան՝ ինչպիսի՛ առաջարկներ կներկայացնի ռուսական կողմը, դրանք մոտ կլինե՞ն իր այն առաջարկություններին, որ ներկայացնում էր անցած տարի, թե, այնուամենայնիվ, տեղի կունենան խմբագրումներ։ 

Ինչու եմ այս մասին բարձրաձայնում, որովհետև, հիշում ենք, որ բոլորովին վերջերս Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ նոյեմբերի 9-ի ստատուս քվոն փոխված է, որովհետև Նիկոլ Փաշինյանն իր կամքով ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և այդ հանգամանքը պետք է հաշվի առնվի, քանի որ վիճակ է փոխվել։

– Իսկ այդ խմբագրումը, եթե լինի, ինչի՞ կբերի։

– Եկեք հասկանանք, որ շատ դեպքերում Նիկոլ Փաշինյանն առիթ է տալիս, որ ռուսական կողմն իր անկարողության կամ իր քաղաքականության պատասխանատվությունը դնի Հայաստանի ուսերին: Սա այդ դեպքերից մեկն էր, երբ Ռուսաստանը հրապարակավ հայտարարեց, մյուս կողմից՝ Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունն իսկապես օբյեկտիվ էր:

2022 թվականի հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը քառակողմ հանդիպմանը իսկապես արմատական վիճակ է փոխել, այսինքն՝ ռուսական պլանն այն իմաստով, որ ԼՂ կարգավիճակի հարցը հնարավոր է սառեցնել, այլևս չի կարող գոյություն ունենալ, եթե նույնիսկ Ռուսաստանը շատ մեծ ցանկություն ունենա։ Ամեն դեպքում, Ռուսաստանը, կարծում եմ, փորձելու է այդ իրողությունը հաշվի առնելով ԼՂ-ի ինչ-որ սուբյեկտություն այնուամենայնիվ պահել, որպեսզի Ստեփանակերտում իր խաղաղապահ առաքելության գտնվելը մոտիվացված լինի։

 – Իսկ կհաջողվի՞ այդ ճնշումը գործադրել Ադրբեջանի վրա, երբ նրանք էլ վկայակոչում են այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս, պարո՛ն Սուրենյանց։

– Նիկոլ Փաշինյանն այնպիսի սխալներ է գործում, որոնցից հետո որևէ միջնորդի միջամտելու դաշտն օբյեկտիվորեն սահմանափակվում է, ու ես կարծում եմ, որ Ալիևը ոչ միայն Մոսկվայում, այլև բազմաթիվ այլ հարթակներում այս հանգամանքից օգտվելու է: Ցավոք սրտի, Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով ես սպասելիքներ չունեմ աշխարհաքաղաքական որևէ կենտրոնից։ 

Այստեղ, դարձյալ կրկնեմ, թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, որն իր անխոհեմ քայլերով էապես սահմանափակեց Հայաստանի արտաքին քաղաքական մանևրի հնարավորությունը, ալիբի տվեց միջնորդներին, որոնք, գուցե, եթե չլիներ Հայաստանի նման կեցվածքը, հարկադրված լինեին ինչ-որ ավելի ակտիվ միջամտություն ցույց տալու: Հայաստանի պաշտոնական դիրքորոշումներն այսօր այնպիսին են, որ միջնորդներին շատ դեպքերում ազատում են պատասխանատվության ինստիտուտից։

– Արտգործնախարարների հանդիպումից առաջ հայտարարությամբ է հանդես եկել Արցախի Հանրապետության նախագահը, նշելով, որ արցախահայությունն ակնկալում է, որ կկատարվեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարության կետերը, կոչ անելով կանխել «վերահաս էթնիկ զտումը»։ Նկատի ունենալով ձեր արդեն իսկ հնչեցրած մտահոգությունները նույն միջազգային հանրության մասով՝ ի՞նչ արդյունք կարող են ապահովել նման հայտարարությունները, կոչերը, նաև ընթացող բողոքի ակցիաները։

– Շատ ճիշտ է, որ Հարությունյանը սուբյեկտությունը մեծացնելու փորձեր է անում, բայց ես կարծում եմ, որ այդ կիսագոլ հայտարարությունների փոխարեն ճիշտ կլիներ, որ Արցախի խորհրդարանը մի որոշում ընդուներ՝ հիմք ընդունելով ՀՀ Գերագույն խորհրդի 1992-ի հունիսի 8-ի որոշումը, որով ուղղակի արգելեր Նիկոլ Փաշինյանին Արցախի կարգավիճակը կանխորոշող հայտարարություններ, փաստաթղթեր ստորագրել։ Արցախի խորհրդարանը պետք է հստակ որոշում ընդուներ ու այդ մասին հստակ տեղեկացներ նաև միջազգային գործընկերներին։ 

Չեմ ասում, թե այս որոշումն ամբողջովին կաշկանդելու էր Նիկոլ Փաշինյանին, բայց ավելի մեծ հնարավորություններ էր ստեղծելու Արցախի սուբյեկտությունը մեծացնելու համար։ Բացի այս որոշումն ընդունելուց՝ Արցախը պետք է սահմանի նաև իր օրակարգը, օրինակ՝ նշի այն նախապայմանները, որոնց բավարարման դեպքում պատրաստ է Բաքվի հետ երկխոսության, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե երկխոսությունն առհասարակ մերժվում է։ Պարզ է, որ դահճի ու պատանդի միջև երկխոսություն չի կարող լինել, բայց պարզ է նաև, որ Արցախը պարտավոր է իմ ասած այդ երկու քայլն անելու։

– Նիկոլ Փաշինյանի թվիթերյան հետևյալ գրառումն ինչպե՞ս կմեկնաբանեք, արդարացվա՞ծ են նրա՝ միջազգային հանրությունից ունեցած հույսերը։

– Նիկոլ Փաշինյանը թերևս զգում է իր ճակատագրական սխալի հետևանքները, խորապես համոզված եմ, որ չլիներ անցած տարվա հոկտեմբերի քառակողմ հանդիպումը, կամ չլիներ Ադրբեջանի տարածքային ամբողջականության անվերապահ ճանաչումը, չէր լինի նաև այսօրվա իրավիճակը։ 

Նիկոլ Փաշինյանի այս գրառումն անհրաժեշտություն է, բայց բավարար չէ, այսինքն՝ նա հուսահատ քայլեր է անում իր ճակատագրական սխալի հետևանքները վերացնելու ուղղությամբ, բայց չեմ կարծում, որ միջազգային հանրությունը տեղյակ չէ այն վիճակից, որում գտնվում է Ղարաբաղը: Շատ դեպքերում, ինչպես ասացի, միջազգային հանրության անտարբերության ակունքը հենց Փաշինյանի սխալներն են եղել։ 

Մյուս կողմից՝ կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակի ներքաղաքական մրցակցության մեջ է Սերժ Սարգսյանի հետ, այսինքն՝ եթե չլիներ նրա բաց նամակը, հազիվ թե լիներ թվիթերյան այս գրառումը։

– Պարո՛ն Սուրենյանց, այնուամենայնիվ, սպասե՞նք, որ Մոսկվայում այսօր էական հարցերի շուրջ կողմերը համաձայնություն ձեռք կբերեն։

– Շատ աղոտ հույս եմ ուզում ունենալ, որ Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը գոնե մի փոքր կթուլանա դրանից հետո, բայց նման պնդում անել չեմ կարող։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am