Ռուսաստանը երբեք բարեխիղճ բարեկամ չի եղել, բայց սարսափելի թշնամի կարող է դառնալ. Սուրենյանցը՝ Հռոմի ստատուտի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, իշխանական խմբակցությունը վավերացրեց Հռոմի ստատուտը: Ի՞նչ է այն տալու Հայաստանին, և որո՞նք են լինելու այս քայլի հետևանքները, եթե նկատի ունենանք Ռուսաստանից հնչող բացահայտ զգուշացումները, որոնք մինչ այս պահը եղել են:

– Հռոմի կանոնադրության վավերացումն ունենալու է զրո արդյունք բազմաթիվ մարտահրավերներով, ընդ որում՝ այս մասին ես անհոգնել կրկնում եմ վերջին երկու-երեք ամիսներին: 

Հայաստանին Հռոմի ստատուտը մի քանի պատճառով չի կարող գործնականում ոչինչ տալ. առաջինը միջազգային իրավունքի տոտալ ճգնաժամն է, համաշխարհային տուրբուլենտության պայմաններում միջազգային իրավունքն ակնհայտորեն չի գործում: Մենք դա տեսել ենք հենց մեր խնդիրների վրա՝ Լաչինի միջանցքի բացման մասով Հաագայի դատարանը երկու որոշում կայացրեց, որոնցից որևէ մեկը կյանքի չկոչվեց, ավելին՝ Ադրբեջանի դեմ ոչ ոք պատժամիջոց չկիրառեց՝ դատարանի որոշումը չկատարելու համար: 

Երկրորդ՝ միջազգային իրավունքը շատ հաճախ աշխարհաքաղաքական գործիք է, այսինքն՝ այդ դատարանները վճիռներ են կայացնում աշխարհաքաղաքական շահերից ելնելով, իսկ այստեղ մեր հաղթաթղթերն առանձնապես ուժեղ չեն:

Երրորդ՝ եթե անգամ մի հրաշքով ընդունենք, որ միջազգային իրավունքը գործում է, ապա, ակնհայտորեն, այն պարագայում, երբ Հռոմի ստատուտը Ադրբեջանի կողմից վավերացված չէ, ապա այդ դատարանի լիազորությունները մեր հակամարտության հաշվով շատ սահմանափակ են, այդ թվում՝ Ադրբեջանին սանձելու: 

Այս բոլոր գործոնները համադրելիս տեսնում ենք, որ Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանին ոչինչ չի տալու, փոխարենը հայ-ռուսական հարաբերությունները տեղափոխվելու են բացահայտ թշնամական հարթություն, և մենք շատ լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնելու՝ անվտանգային, տնտեսական, ի դեպ, Ռուսաստանն այդ մասին բացահայտ խոսում է: 

– Այդ դեպքում ինչո՞վ կբացատրեք իշխանության ներկայացուցիչների, և ոչ միայն, կողմից այս ստատուտին վերագրվող առավելությունները, նրանց այն վստահությունը, թե սա ոչ մի խնդիր չի առաջացնելու հայ-ռուսական հարաբերություններում:

– Այսինքն՝ իրե՞նք են որոշում՝ հայ-ռուսական հարաբերություններում խնդիր կառաջանա՞, թե ոչ: Ռուսներն էլ ասում են, որ խնդիրներ կլինեն: Պարզ է, որ այդ կոնֆլիկտն առաջին հերթին մեզ է վնասելու, որովհետև կոնֆլիկտի մեջ ենք մտնում մեզանից ռեսուրսներով հազարապատիկ շատ ավելի հզոր երկրի հետ: Մի իշխանություն, որը վախենում է Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մեջ մտնելուց, հիմա կոնֆլիկտի մեջ է մտնում մի երկրի հետ, որն անգամներով հզոր է Ադրբեջանից:

– Տրամաբանությունը ո՞րն է:

– Այս իշխանության քայլերում տրամաբանություն փնտրելը շատ անշնորհակալ գործ է, օրինակ՝ մեկուկես տարի առաջ Նիկոլ Փաշինյանը բոլորիս հավաստիացնում էր, որ եթե Ղարաբաղի հարցում նշաձողը մի փոքր իջեցնենք, միջազգային կոնսոլիդացիա ենք, չէ՞, ունենալու, բայց այդ կոնսոլիդացիան ունեցանք միայն Արցախի հայաթափման շուրջ, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ասածը դատարկ հնչյուն էր: 

Հիմա Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը իբրև թե իրենց դիրքավորում են անկախության պահապան, ինչն ինձ շատ է հիշեցնում հայտնի ասացվածքը՝ «Տականքների վերջին փրկօղակը հայրենասիրությունն է լինում»: Իր քայլերն անկախության հետ որևէ առնչություն չունեն, որովհետև անկախությունն ամբարտավանություն կամ աքլորակռիվ չէ: Անկախությունն այն է, որ ունենում ես արդյունավետ դիվանագիտություն ու ավելացնում ես բարեկամներիդ թիվը, ոչ թե հակառակը: 

Այս իշխանությունը ավելացնում է միայն Հայաստանի թշնամիների թիվը, առաջիկա ամիսներին ունենալու ենք շատ լուրջ խնդիրներ, այն պատգամավորները, որ այդպես հրճվում են, շատ լավ կլինի՝ հնարավոր ֆորս մաժորի դեպքում հենց իրենք մեկնեն առաջնագիծ ու իրենց օրակարգի գինը հենց իրենց կյանքի գնով վճարեն:

– Այսինքն՝ հավաստիացումները, թե այս ստատուտի վավերացմամբ կանխվելու են ադրբեջանական ագրեսիաները Հայաստանի դեմ, կե՞ղծ են, պարո՛ն Սուրենյանց:

– Այո՛, իրական չեն, եթե աշխարհն առաջնորդվեր միջազգային իրավունքով, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նույնիսկ այս դատարանին բանի տեղ դնող լիներ, իսկ մենք գիտենք, որ մշտական հինգ անդամներից երեքը չեն էլ վավերացրել այս ստատուտը, ապա այդ իդեալական պատկերացումները, գուցե, մոտ լինեին իրականությանը: Այսօրվա աշխարհում այդ փաստարկները գրոշի արժեք չունեն, վերցրեք Հաագայի դատարանի որոշումները Լաչինի միջանցքի վերաբերյալ ու տեսեք՝ ի՛նչ պատկեր ունենք իրականում:

– Ռուսաստանից առարկայական ի՞նչ քայլեր եք կանխատեսում առաջիկայում Հայաստանի դեմ:

– Ինքը, ցավոք սրտի, բազմաթիվ գործիքներ ունի մեզ պատժելու, օրինակ՝ գազի սակագինը կարող է բարձրացնել կամ այնպիսի չափանիշներով վաճառել, ինչպիսին վաճառում է իր հետ այսպես կոչված ոչ բարեկամական ռեժիմի մեջ գտնվող երկրներին, օրինակ՝ եվրոպական գներով: 

Կարող է Լարսի անցակետում խնդիրներ ստեղծել, ու դրանք արդեն կան, օրինակ՝ կոնյակ արտահանողներն արդեն ահազանգում են: Կարող է մեր մյուս սննդամթերքի արտահանման վրա որոշակի արգելքներ կիրառել, միջուկային վառելիքը, որով ԱԷԿ-ն աշխատում է, կարող է դրա առաքման հարցում խնդիրներ ստեղծել, ի վերջո, կարող է ամենավատն անել՝ Ադրբեջանի ձեռքով պատժել մեզ: Ռուսաստանը երբեք բարեխիղճ բարեկամ չի եղել, բայց սարսափելի թշնամի կարող է դառնալ: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am