Բաքուն անընդունելի է համարել Փարիզի՝ ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի պահանջների մասին հայտարարությունները. Factor

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։ Նա նշել է, թե, իբր, «անընդունելի է կասկածի տակ դնել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պահպանող Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու «օրինական» պահանջը, որը քննարկվում է ավելի քան երկու տարի, և դա որպես նոր պայման ներկայացնել»։

«Մենք կտրականապես մերժում ենք 2025 թվականի ապրիլի 2-ին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի և ծագումով հայ անձանց դատավարության վերաբերյալ հնչեցրած մեղադրանքները»։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Եթե Ֆրանսիան իսկապես աջակցում է խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը, ինչպես ինքն է պնդում, ապա պետք է կոչ անի Հայաստանին ձեռնարկել համապատասխան քայլեր։ Ֆրանսիան, որը փորձում է միջամտել այլ երկրների դատական ​​գործընթացներին, ավելի լավ կանի՝ նախ հետաքննի իր երկրում քաղաքական հետապնդումների դեպքերը, տարբեր միջոցառումների ժամանակ ցուցարարների սպանությունները, նեոգաղութատիրական քաղաքականության հետևանքով անդրծովյան տարածքներում տեղի բնակչության խոշտանգումների դեպքերը, ինչպես նաև կաշառակերության և կոռուպցիայի տարածվածությունը Ֆրանսիայի խորհրդարանում»,- հայտարարել է Հաջիզադեն։

Նա նշել է, որ «Բաքուն Ֆրանսիայից պահանջում է դադարեցնել խաղաղությանը չնպաստող քայլերը և հրաժարվել տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնող գործողություններից»։