Նախարար Պապիկյանը մարզպետների հետ խորհրդակցություն է անցկացրել, հանձնարարել մրցունակ նախագծեր մշակել

Նախարար Պապիկյանը մարզպետների հետ խորհրդակցություն է անցկացրել, հանձնարարել մրցունակ նախագծեր մշակել
Նախարար Պապիկյանը մարզպետների հետ խորհրդակցություն է անցկացրել, հանձնարարել մրցունակ նախագծեր մշակել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որին մասնակցել են նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն ու վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։

Խորհրդակցության օրակարգի շրջանակներում մարզպետներին է ներակայացվել Համաշխարհային բանկի վարկային միջոցներով մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, որը նպատակ ունի նպաստել տեղական մշակույթի պահպանմանը և մարզերում տնտեսական աճի խթանմանը։

Այս առնչությամբ նախարար Պապիկյանը մարզպետներին հանձնարարել է այնպիսի մրցունակ նախագծեր, գաղափարներ մշակել, որոնք տվյալ տարածաշրջանն ավելի գրավիչ և նախընտրելի կդարձնի օտարերկրյա ու տեղի զբոսաշրջիկների համար։ Հաջորդիվ նախարարը մարզպետներից լսել է ՏԿԵ նախարարության կողմից իրականացվող ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունները։

Սուրեն Պապիկյանը մարզպետներին հորդորել է ուշադրության կենտրոնում պահել և անհատական աշխատանքներ տանել ծրագիր իրականացնող համայքների և շինարարների հետ՝ մեկնարկած շինաշխատանքները մինչ տարեվերջ ամբողջական ծավալով ու որակով ավարտին հասցնելու նպատակով։ Հանդիպմանը խոսվել է նաև համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման ծավալների բարելավման, միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին գործող սպասարկման օբյեկտների սանիտարական մաքրության մակարդակի բարձրացման, ինչպես նաև տեսչական մարմինների հետ մարզպետարանների համակարգված աշխատանքին վերաբերող հարցերի մասին։