Արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կարգը խախտողները կպատժվեն մինչև 5 տարի ազատազրկմամբ

Արտակարգ դրության պայմաններում մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը կպատժվի խոշոր տուգանքով, կամ երեք ամիս կալանքով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով։

Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել՝ քննարկելով Վարչական իրավախախտումների մասին օրենքում և Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու հարցը։ Նախագծերը ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։

Նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով, որ  ՀՀ-ում հայտարարվել է արտակարգ դրություն, այդ իրավիճակում անձանց հիմնական իրավունքները սահմանափակվում են, սակայն որոշ սահմանափակումների դեպքում մեր օրենքներով նախատեսված չեն կոնկրետ իրավական հետևանքներ։  «Ներկայումս անձինք մեկուսացվում և ինքնամեկուսացվում են՝ համաճարակի հետևանքները նվազագույնի հասցնելու համար։ Սակայն  ոչ բոլոր քաղաքացիներն են, որ հոժարակամ են ինքնամեկուսացվում կամ մեկուսացվում»,- նշեց Դանիելյանը։

Փոխնախարարը նշեց, որ Վարչական իրավախախտումների մասին օրենքում առաջարկվում է հետևյալ լրացումը կատարել․ «Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որի դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիից մինչև հինգհարյուրապատիկի չափով»։ Ինչպես նաև նախատեսվում է լրացնել ևս մեկ հոդված․ «Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման սահմանափակումները խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով»։

Իսկ Քրեական օրենսգրքը լրացվում է 277.1 հոդվածով․ «Արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջաները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց հիվանդացություն, պատժվում է կալանքով՝ մինչև երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով»։