«Ինտերֆաքսի» հաղորդմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան մտադիր է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիների օրինական շահերը։
«Մենք իսկապես տեսել ենք տեսանյութերը, ուշադիր դիտել ենք բոլոր դրվագները»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ արձագանքելով հարցին, թե արդյոք Կրեմլում արձագանքել են դատարանի դահլիճում արված լուսանկարներին, որոնցում ձերբակալվածների վրա երևում են կապտուկներ և մարմնական վնասվածքներ։
«Մենք մեր քաղաքացիների օրինական շահերը կպաշտպանենք դիվանագիտական ուղիներով՝ օգտագործելով մեր ձեռքի տակ եղած բոլոր միջոցները»,-հավելել է նա։
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Եկատերինբուրգում ձերբակալվել են մի քանի անձինք՝ 2001, 2010 և 2011 թվականներին կատարված պատվերով սպանությունների և սպանության փորձերի մեջ կասկածվող՝ էթնիկ հանցավոր խմբի կազմում։
Հունիսի 30-ին ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել էր, որ գործը կփոխադրվի Մոսկվա։ Նրա խոսքով՝ ձերբակալվել է վեց մարդ, ևս երկուսը մահացել են․ նրանցից մեկը՝ ենթադրաբար սրտի անբավարարությունից, մյուսի մահվան պատճառները ճշտվում են։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ հարուցվել է քրեական գործ՝ երկու ադրբեջանցիների կամ ադրբեջանական ծագում ունեցող անձանց նկատմամբ ռուս իրավապահների կողմից Եկատերինբուրգում կատարված ծայրահեղ դաժանությամբ դիտավորյալ սպանության և խոշտանգումների հատկանիշներով։
Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը Մոսկվայում փոխանցել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը պաշտոնական Բաքվի բողոքի նոտան՝ կապված Եկատերինբուրգում ռուս իրավապահների գործողությունների հետ։
Կրեմլում նաև հայտարարել են, որ Կիևը փորձում է սեպ խրել Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում։



















