Դատարանը մերժել է Թրամփի հայցն ընդդեմ լրագրող Բոբ Վուդվարդի

Դաշնային դատավորն այսօր մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայցադիմումը՝ ուղղված Washington Post-ի հայտնի լրագրող Բոբ Վուդվարդի դեմ։ Թրամփը պահանջում էր փոխհատուցում՝ պնդելով, որ Վուդվարդն ապօրինաբար հրապարակել է իր հետ արված հարցազրույցները 2022-ին թողարկված «The Trump Tapes» աուդիոգրքում։ Այս մասին տեղեկացնում է Washington Post-ը:

Դատավոր Պոլ Գարդեփեն հայտարարել է, որ Թրամփը չի կարողացել համոզիչ կերպով ապացուցել, թե իր և Վուդվարդի միջև գոյություն է ունեցել համահեղինակային համաձայնություն, կամ որ ինքը հեղինակային իրավունք ունի իր տրված հարցազրույցների վրա։

Հայցը նաև ներառում էր Վուդվարդի հրատարակչին՝ Simon & Schuster, և նախկին մայր ընկերությանը՝ Paramount Global։ Չնայած մերժմանը, դատավորը Թրամփին թույլ է տվել մինչև օգոստոսի 18-ը նորից ներկայացնել վերանայված հայց, սակայն նշել է, որ քիչ հավանական է, որ Թրամփը կարողանա բավարար կերպով ապացուցել հեղինակային իրավունքի հիմնավորումը։

Բոբ Վուդվարդը հայտնի հետաքննական լրագրող է՝ առավել հայտնի Watergate սկանդալի բացահայտումներով։ Թրամփի հետ իր հարցազրույցները նա օգտագործել է նաև իր «Rage» գրքում՝ երկրորդը Թրամփի նախագահության մասին եռագրությունում։

2023-ին Թրամփը դատի էր տվել Վուդվարդին՝ պահանջելով գրեթե 50 միլիոն դոլար՝ պնդելով, որ հարցազրույցները արվել են բացառապես մեկ գիրք գրելու նպատակով։ Սակայն հրատարակչությունն ու լրագրողը հայտարարել էին, որ այս պնդումները անհիմն են: