Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Թրամփն ուրբաթ օրը կընդունի Փաշինյանին ու Ալիևին. Երևանը ո՛չ հաստատել է, ո՛չ հերքել. «Ազատություն»

«Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են այս շաբաթավերջին Վաշինգտոնում հայտարարել խաղաղության իրենց մտադրության մասին»,- X-ում գրել է Պետդեպարտամենտում հավատարմագրված լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Ադրբեջանական «Թուրան»-ի թղթակիցը պնդում է, թե տեղեկությունը մի քանի աղբյուր է հաստատել, դրանց համաձայն սպասվում է նաև, որ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփն ուրբաթ օրը Սպիտակ տանը կընդունի Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին:

Այս տեղեկությունները Հայաստանի կառավարությունը ո՛չ հաստատում է, ո՛չ հերքում: Մինչև այս պահը հնարավոր չի եղել վարչապետի գրասենյակից ճշտել՝ արդյոք Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն իրո՞ք մեկնելու են ԱՄՆ, ի՞նչ հայտարարություն են պատրաստվում անել:

«Վարչապետ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը այս պահին չենք կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել», – «Ազատությանը» փոխանցեցին Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Նման այցերի պարագայում, բնականաբար, լինում է պաշտոնական հաղորդագրություն, և տեղեկատվությունը հաստատված կարելի է համարել պաշտոնական հաղորդագրության պարագայում։

Այս պահին, ինչպես գիտեք, պաշտոնական որևէ հաղորդագրություն չենք հրապարակել և հետևաբար այցի մասին տեղեկատվությունը խնդրում ենք հաստատված համարել միայն պաշտոնական հաղորդագրությունից հետո», – ասված է Կառավարության լրատվականի հաղորդագրությունում:

Ադրբեջանցի լրագրողը չի հստակեցրել՝ Վաշինգտոնում սպասվո՞ւմ է որևէ փաստաթղթի ստորագրում կամ նախաստորագրում:

Փաշինյանն իր վերջին ասուլիսում հաստատել է՝ բանակցային սեղանին է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնեցված փաստաթուղթը նախաստորագրելու գաղափարը: Թե դա ի՞նչ է ենթադրում, չէր մանրամասնել: Երբ բուն պայմանագրի բոլոր կետերը դեռ մարտի կեսից համաձայնեցված, պատրաստ են, ինչո՞ւ պայմանագրի ստորագրման հարցը սահուն նախաստորագրման վերածվեց: Արդյոք նախաստորագրվող փաստաթղթում ադրբեջանական նախապայմաններին կլինի՞ անդրադարձ:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում