«Հայաստանով անցնող ճանապարհի զարգացման բացառիկ իրավունքը տրամադրվելու է ԱՄՆ-ին». Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավիրած հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ կավարտվի խաղաղության շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ, որը ներառում է ԱՄՆ-ի բացառիկ իրավունքները Հարավային Կովկասով ռազմավարական տարանցիկ միջանցքի նկատմամբ, հաղորդում է «Ազատությունը»՝ հղում անելով Reuters-ին:

ԱՄՆ պաշտոնյաները անանուն մնալու պայմանով Reuters-ին ասել են, որ Սպիտակ տանը ակնկալվում է շրջանակային համաձայնագիր՝ «խաղաղության կոնկրետ ուղու» հասնելու և տևական ժամանակ քննարկվող տարանցման ուղու հարցը լուծելու համար։

«Ադրբեջանը խնդրել է տրանսպորտային միջանցք` Հայաստանի տարածքով Նախիջևանին կապվելու համար», – ասել են ամերիկացի պաշտոնյաները։

Reuters-ը մանրամասնում է՝ առաջնորդների կողմից ուրբաթ ստորագրվելիք փաստաթղթի՝ մանրամասն բանակցված բաժնում Հայաստանը ծրագրում է Միացյալ Նահանգներին տալ տարանցման միջանցքի զարգացման բացառիկ իրավունքները՝ երկար ժամանակահատվածով։ Թե կոնկրետ քանի տարով՝ չի հստակեցվում. նշվում է միայն, որ այն կոչվելու է «Թրամփի ճանապարհ՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար»: Այն հայտնի կլինի TRIPP հապավումով, ասել են պաշտոնյաները։

Ավելին՝ սկզբնաղբյուրում