Երևանում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Վարչաբենդ» անվանումը կրող խմբի առաջին համերգը։ Առաջին հայացքից՝ մշակութային, զվարճանքի ժանրում տեղավորվող միջոցառում, սակայն քաղաքական համատեքստից դուրս դիտարկել այն գրեթե անհնար է։ Երբ երկրի գործող վարչապետը դուրս է գալիս բեմ ոչ թե որպես ելույթ ունեցող քաղաքական գործիչ, այլ որպես նվագող, հարցն ինքնաբերաբար առաջանում է․ սա նախընտրական քարոզարշավի սկի՞զբն է, թե՞ հասարակությանը զբաղեցնելու, լիցքաթափելու փորձ։
Այս հարցին պատասխանելու համար մենք պետք է փորձենք տալ մեկ այլ հարց, թե ո՞վ էր Նիկոլ Փաշինյանը մինչև հեղափոխությունը, ինչպես քայլող մարդուց դարձավ պաշտոնատար անձ և ինչ տրանսֆորմացիա ապրեց:
Մինչև հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանը երբևէ չի եղել իշխանության մարդ։ Նա համակարգի ներսից եկող գործիչ չէր, այլ համակարգի մշտական հակառակորդը՝ նախ՝ որպես խմբագիր, ապա որպես քաղաքական ընդդիմադիր գործիչ։ Նրա լրագրությունը կառուցված էր սուր քննադատության վրա՝ իշխանության օդիոզ ներկայացուցիչների, կոռուպցիայի, օլիգարխիկ համակարգի, ընտրակեղծիքների դեմ։ Նա իրեն ներկայացնում էր որպես համակարգից դուրս կանգնած, իշխանությանը մշտապես կասկածի տակ դնող ձայն։
2008 թվականից հետո Փաշինյանը դարձավ նաև փողոցային քաղաքականության ձայնը՝ մասնակցելով նախընտրական, ապա նաև հետընտրական գործընթացներին, փողոցում հավաքվելու և գործողություններ կատարելու կոչեր հնչեցրեց, ընդհատակ անցավ, ապա ազատազրկվեց և ձեռք բերեց նաև ընդդիմադիր հալածյալի կերպար։
Հենց այսպիսի կերպարով էլ նա հայտնվեց 2012 թվականի խորհրդարանում, որպես ընդդիմադիր փոքրամասնական խմբակցության ներկայացուցիչ հանդես էր գալիս որպես մեկ մարդն ընդդեմ մեծամասնության, հաճախ օգտագործելով թատերական, հռետորական, սիմվոլիկ ժեստեր՝ պաստառներ, սուր ելույթներ, դիպուկ ձևակերպումներ, իսկ նրա քաղաքական կապիտալը հիմնված էր ոչ թե ռեսուրսի, այլ տեսանելիության ու կոնֆլիկտի վրա։
Եվ այս համատեքստում 2018 թվականի «Քայլ արա»-ն պատահական երևույթ չէր։ Փաշինյանը մինչև հեղափոխությունը հենց այդպես էլ ընկալվում էր՝ քայլող, փողոցում լինելուց չվախեցող, մարդկանց հետ անմիջական շփվող քաղաքական գործիչ։ Նա մարդկանց հավաքում էր 1+1+1+1 սկզբունքով՝ անձնական ներկայությամբ։ Սա կարևոր է նաև այսօր տեղի ունեցող գործընթացները հասկանալու համար։
Ուստի, պատասխանելով այն հարցին, թե ո՞վ էր Նիկոլ Փաշինյանը մինչև հեղափոխությունը, կարելի է հստակորեն ասել․ նա համակարգի քննադատ էր, այլ ոչ՝ շահառու։ Միաժամանակ նրա հավաքած մարդիկ գալիս էին բողոքի ձայնի հետևից, այլ ոչ՝ զվարճանալու։ Զվարճանքն իշխանության գործիքն էր, հիշենք շոու բիզնեսի հայ աստղերին՝ ՀՀԿ նախընտրական համերգներին, էլի լեցուն հրապարակներ, բայց բոլորովին այլ մարդկանցով։
Եվ հենց այստեղ է առաջանում այսօրվա հիմնական հակասությունը։
Մարդը, որը հանրային կապիտալ էր կուտակել բողոքի, պայքարի և հակահամակարգային լեզվի միջոցով, այսօր փորձում է նույն մարդ հավաքելու մեխանիզմը գործարկել այլ բովանդակությամբ՝ երգ ու պարով, սպառողականությամբ։
Եվ եթե նախկինում մարդ հավաքելու գործիքը քաղաքական խոսքն էր, ապա այժմ այն տեղափոխվում է սպառողական մշակույթի և զվարճանքի դաշտ։ Դե իհարկե, համերգը նույնպես մարդ հավաքելու միջոց է՝ պարզապես առանց ծանր քաղաքական օրակարգի, առանց հարցերի ու պահանջների, առանց տեսակետների բախման։ Երկու դեպքում էլ գործում է նույն տրամաբանությունը՝ բազմություն, տեսարան, առաջնորդի ներկայություն, հավաքական հույզ։
Արդյոք կարելի՞ է ասել, որ հույզեր ու կրքեր բորբոքելու տարիներով հղկված ճանապարհն իրեն սպառել է, դևալվացվել։ Մասամբ այո, քանի որ ամիսներ առաջ իշխանությունների ձևավորած հակաեկեղեցական արշավի օրակարգը ցանկալի արդյունքներ չտվեց։ Ակնհայտորեն, այդ թեման չկարողացավ փողոց դուրս բերել զանգվածներ, և երբ քաղաքական կոնֆլիկտը մարդ չի հավաքում, իշխանությունը սովորաբար փոխում է գործիքը։
Այս համատեքստում «Վարչաբենդի» հայտնվելը կարելի է դիտարկել ոչ թե պատահական, այլ տրամաբանական շարունակություն։ Եթե հրապարակը չի լցվում բողոքով կամ հակամարտությամբ, այն կարելի է լցնել երգով ու պարով։ Եթե չի աշխատում հանրահավաքը, կաշխատի զվարճանքը, հատկապես նախընտրական քարոզարշավի տրամաբանության մեջ սա տեղավորվող և աշխատող գործիք է, բոլորը հաշվելու են մարդկանց թիվը, որոնց հրապարակ է բերել վարչապետը, ու կապ չունի, թե ինչ է նա անում բեմին՝ ճառ է ասում, թե թմբուկ զարկում, հատկապես որ հեղափոխության ժամանակ այդ թմբուկն արդեն հնչել էր այլ համատեքստում։
Նաև՝ հանրային դաշտում իշխանության ներկայությունը տեղափոխվում է այնպիսի տարածք, որտեղ քննադատությունն ավելի դժվար է, հակադարձումը՝ անտեղի, իսկ մասնակցությունը՝ հաճելի։
Համերգի դեմ դուրս չես գալիս պաստառով, երգող վարչապետին չես ընդհատում քաղաքական հարցերով։ Այս մոդելը թույլ է տալիս իշխանությանը պահպանել տեսանելիությունը, ստեղծել մարդաշատ կադրեր և միաժամանակ խուսափել ծանր քաղաքական պատասխանատվությունից։
Այսպիսով, «Վարչաբենդի» առաջին ելույթը Երևանում քաղաքական հաղորդակցության նոր ձևի մեկնարկ է՝ հարմարեցված հոգնած, հիասթափված և քաղաքական կոնֆլիկտից խուսափող հասարակությանը։ Սա նախընտրական քարոզարշավի պաշտոնական սկիզբ չէ, բայց անկասկած դրա նախերգանքն է։ Իսկ թե որքա՛ն արդյունավետ կլինի երգող ու պարող մարդկանցով լցված հրապարակը քաղաքական վստահությունը վերականգնելու հարցում՝ ցույց կտա ժամանակը։
Իսկ մինչ այդ մնում է մեկ հնչեցրած ու դեռևս պատասխանի սպասող հարց․ «Ո՞ւմ հաշվին է այս զվարճանքը»։ Եթե «Վարչաբենդը» մասնավոր նախաձեռնություն է, ապա հանրությունն իրավունք ունի իմանալու, թե ո՛վ է այն ֆինանսավորում, ինչպե՛ս են ձեռք բերվել այդ թանկ ու նույնիսկ բազմաթիվ լավ երաժշտական խմբերի համար երազանք հանդիսացող ու անմատչելի սարքավորումները, ո՛վ է վարձակալում բեմը, ձայնային ու հնչյունային ապահովումը։
Իսկ եթե դա կատարվում է հարկատուների միջոցներով, ապա հարցը դառնում է իրավական ու քաղաքական։ Առանց այդ էլ հատուկ պաշտպանության ռեսուրսներ այսպես թե այնպես ներգրավվում են, և դա ևս խնդիր է, որը պետք է դիտարկել հենց իրավական դաշտում՝ հանրային ռեսուրսի նպատակային բաշխման տրամաբանության մեջ։
Ի վերջո, գործող վարչապետի ցանկացած ելույթ, ինչ ձևաչափով էլ լինի, չի կարող դուրս մնալ հանրային վերահսկողությունից։ Զվարճանքը, որքան էլ անվնաս թվա, երբևէ անվճար չէ, իսկ եթե անվճար չէ, ապա հասարակությունն իրավունք ու պարտավորություն ունի իմանալու ի վերջո, թե ո՛վ է վճարում, և ո՛ւմ հաշվին է այն կազմակերպվում։
Զարուհի Հովհաննիսյան
MediaLab.am

