«Հայաստանի օգնությունը Թուրքիային հիմար արարք է, քաղաքական հիմարության դրսևորում». Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը

– Պարո՛ն Ղուկասյան, Հայաստանը փրկարարներ է ուղարկել Թուրքիա՝ աղետի գոտի, ինչը հակասական քննարկումների ու քննադատությունների տեղիք է տվել։ Դուք ինչպե՞ս եք գնահատում ՀՀ իշխանության այս քայլը։

– Ոչ մի պետություն պարտավոր չէ օգնել իր թշնամուն։ Թուրքիան մասնակցել է Արցախյան երկրորդ պատերազմին, ըստ էության, այդ պատերազմը Արցախի անկախության համար մղվող պատերազմ էր, ու Թուրքիան կռվել է մեր դեմ՝ Արցախի անկախությունը թույլ չտալու համար, Ռուսաստանի, Ադրբեջանի հետ միասին, իսկ պատերազմն ավարտվեց Արցախի անկախության կորստյամբ՝ նոյեմբերի 9-ի ապօրինի որոշմամբ։

Նման պայմաններում իհարկե քաղաքակիրթ ողջ աշխարհը կհասկանար, թե ինչու Հայաստանը չի ուղարկում մարդասիրական օգնություն Թուրքիային։ Ինչպե՛ս պետք է դիտվի արարքը, երբ մի ժողովուրդ, որին ոչնչացնում են, թշնամուն ուղարկում է օգնություն՝ դժվարանում եմ գնահատական տալ, բայց հիմար արարք է, հիմարության դրսևորում է։ Քաղաքական հիմարության դրսևորում է, որ մարդիկ չեն հասկանում՝ ո՛վ է իրենց ոչնչացնում, ո՛վ է իրենց բարեկամը, ո՛վ՝ թշնամին։

– Հետաքրքիր միտք արտահայտեցիք, որ «ոչ մի պետություն պարտավոր չէ օգնել իր թշնամուն», ըստ ձեզ՝ ի դեմս գործող իշխանության Հայաստանի պարտավորությունը ո՞րն  է, որովհետև փաստացի մեր երկիրն օգնում է Թուրքիային։

– Ինչքան են վճարել Հայաստանի ղեկավարներին, որպեսզի իրենք թուրքական քաղաքականությո՞ւն իրականացնեն Հայաստանում՝ սա՞ է ձեր հարցը։

– Ճիշտն ասած՝ ո՛չ։ Օգնելու դրդապատճառներն եմ ուզում հասկանալ, որո՞նք են դրանք՝ ըստ ձեզ։

– Ես չգիտեմ՝ ո՛րն է այն վճարի չափը, որի դիմաց այսօրվա իշխանություններն իրականացնում են թուրքական քաղաքականություն Հայաստանում, այդ հարցին չեմ կարող պատասխանել, բայց կարող եմ վստահեցնել ձեզ, որ հաջորդ իշխանությունները, անշուշտ, այդ հարցի պատասխանը կտան, որովհետև համապատասխան քրեական հետաքննությունների արդյունքում հնարավոր կլինի դա պարզել։

– Իսկ այս քայլը թուրքական օրակարգում որևէ փոփոխություն կմտցնի՞, որովհետև ոմանք կարծում են, որ սա լավ ժեստ էր հայկական կողմից ու կարող է նպաստել հարաբերությունների կարգավորման գործընթացին։

– Պատկերացրեք՝ 1915 թվականին երկրաշարժ տեղի ունենար Օսմանյան կայսրությունում, և մի խումբ հայեր գնային թուրքերին օգնելու, դա կփոխե՞ր քաղաքական որոշումը՝ տեղահանել հայերին ու ոչնչացնել Դեր Զորի անապատում։

Որքան էլ ուզենան ցույց տալ, թե այս օգնությամբ հայ-թուրքական կոնֆլիկտը կարգավորում են, այդպես չէ։ Այդ կոնֆլիկտի կարգավորման ճանապարհը Հայաստանի զինված ուժերի գոյությունն ու բարելավումն է։ Թուրքիան Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ ունի քաղաքականություն՝ ոչնչացնել հայերին մինչև վերջ։ Թուրքիան չի ճանաչում հայերի ցեղասպանությունը, գտնում է, որ դա ճիշտ գործողություն է եղել պետության կողմից, ու կարծում է, որ դա անհրաժեշտ է շարունակել, դրա վառ ապացույցը Արցախյան երկրորդ պատերազմում Թուրքիայի մասնակցությունն էր։

Ինչո՞ւ են անվանում 44-օրյա պատերազմ, որպեսզի քողարկեն փաստը, որ դա Արցախի անկախության համար մղվող պատերազմ էր։ Հայաստանի թուրք իշխանությունները զրկեցին մեր ժողովրդին նույնիսկ պատերազմում կարգախոս ունենալուց։ Մենք պատերազմում էինք Արցախի անկախության ու ազատության համար, մեզ զրկեցին այդ հնարավորությունից, անունը դրեցին 44-օրյա պատերազմ։ Այսպես են կոչում, որովհետև այդ պատերազմը քաղաքական բովանդակություն չունի այս իշխանության համար։

Խորագույն խնդիրը մեր ժողովրդի համար այն է, որ իր ձեռքով թուրքամետ իշխանություն ընտրեց որպես Հայաստանի ղեկավար, որոշ ժամանակ անց այս մարդիկ հանեցին դիմակներն ու ասացին՝ բարև ձեզ, պարզվեց, որ իրենք Թուրքիայի համախոհներն են, սիրահարներն են, ինչ անուն կուզեք՝ տվեք։ Ամբողջ կյանքում պայքարել ես ազատ ընտրության համար, իսկ քո ժողովուրդը առաջին իսկ նման հնարավորության դեպքում ընտրեց թուրք գործակալների՝ որպես երկրի ղեկավար, միայն նրա համար, որ այդ գործակալները մի քանի էժանագին խոստում տվեցին։

– Թե՞ որ նախկինները հետ չգան, պարո՛ն Ղուկասյան։

– Բնականաբար նաև դրա համար, բայց նրանց հետ չգալու հաղթանակն ամեն մեկս մեզանում պետք է տարած լինեինք։

– Մարդիկ, որոնք ողջունում են Թուրքիային օգնություն տրամադրելու որոշումը, իբրև հակափաստարկ այդ որոշմանը դեմ արտահայտվողներին ասում են, որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էլ են օգնություն առաջարկել Թուրքիային։ Ընդունելի համարո՞ւմ եք այս հակափաստարկը։

– Այդ ժամանակ Թուրքիան իր կործանիչներով չէր ռմբակոծում մեր դիրքերը, ոչ էլ Սիրիայից հատուկ վարձկաններ կամ Թուրքիայի հատուկջոկատայիններ էին մասնակցում մեր դեմ ռազմական գործողություններին։ Մենք ունենք կոնկրետ իրավիճակ՝ Թուրքիան մասնակից է պատերազմին, Հայաստանի թուրք իշխանությունները կարող են դա չճանաչել, բայց Ֆրանսիայի Հանրապետությունը ճանաչել է, որ Թուրքիան մասնակցել է Արցախի վրա հարձակմանը, այսինքն՝ դա այլ պետությունների կողմից ճանաչված փաստ է, դա անհնար է չտեսնել, դա կարող են միայն հիվանդ մարդիկ չտեսնել։

Իհարկե, բնական այդ աղետի հետևանքով զոհեր են եղել, ու Հայաստանի իշխանությունները պետք է մեր ցավակցությունը հայտնեին, բայց թշնամի պետությանը օժանդակություն ցուցաբերելը մեր պարտավորությունը չէր: Սա ուզում եմ ընդգծել, որ միտքս ճիշտ հասկացվի։ Մարդկային դրսևորումը մի բան է, այլ բան է օժանդակություն ցուցաբերել թշնամի պետությանը։

Մենք որևէ հիմք չունենք, որ վաղը Թուրքիան չի ռմբակոծելու մեր քաղաքները, բա ինչպե՞ս կարելի է Թուրքիային փրկարար օժանդակություն մատուցել։ Այն, ինչը Թուրքիան խնայեց մեր օժանդակության հաշվին, ապագայում արժենալու է հայերի կյանքը հակամարտությունում, կամ էլ պետք է, ինչպես այսօր մեզ մատուցում են, առանց ճակատամարտի պարզապես համակերպվենք, որ պետք է տեղահանվենք մեր հայրենիքից ու թողնենք այս ամենը Թուրքիային, որ իրենք վայելեն։

Հիմա դա անթաքույց առաջարկում են Արցախին, պարզ է, որ արդեն քննարկվում է Հայաստանի սահմանամերձ շրջանների հարցը, ու վաղ թե ուշ կհասնի հարցը, որ վաղ թե ուշ Հյուսիսային պողոտայից էլ պետք է հայերը տեղահանվեն։ Սա է մեր իրողությունը, բայց դրա դեմ մենք պայքարելու ենք ու թույլ չենք տա, որ դա տեղի ունենա։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am