«Ազատություն». Խաղաղության վաղաժամ տոնակատարություն. այսպես է որակում ցեղասպանության կանխարգելման Լեմկինի հեղինակավոր ինստիտուտը Վաշինգտոնում նախագահ Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված հայ – ադրբեջանական պայմանավորվածությունները:
Նման թերահավատության պատճառն, ըստ հեղինակավոր ինստիտուտի, այն է, որ Ադրբեջանի գործած զանգվածային վայրագություններն ու հետևողական ռազմատենչությունն անպատիժ են մնում: Իսկ Ադրբեջանի հետ ցանկացած գործարք, որը չի լուծում Բաքվի «ցեղասպանական սպառնալիքները», ի վերջո կհանգեցնի դրանց իրականացմանը, և վատթարագույն սցենարի դեպքում կսպառնա Հայաստանի գոյությանը որպես ինքնիշխան պետություն, կարծում են ԱՄՆ-ում գործող ինստիտուտում.
«Իրականում Վաշինգտոնում հայտարարված գործարքը կարող է հեշտությամբ հանգեցնել պատերազմի և նոր ավերածությունների և կարող է հիմք դնել Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ հետագա ցեղասպան գործողությունների համար: Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու կոնկրետ մեխանիզմները պետք է ներառվեն համաձայնագրի տեքստում և դրսևորվեն իրական կյանքում, նախքան այս խաղաղության համաձայնագիրը կարողանա իրականում երաշխավորել խաղաղությունը»:
Հայաստանի իշխանությունները, հակառակ Վաշինգտոնում տեղակայված այս կազմակերպության վատատեսական կանխատեսումների, պարբերաբար վստահեցնում են՝ Հայաստանն առավել ինքնիշխան է, քան երբևէ, իսկ վաշինգտոնյան պայմանավորվածությունները ձեռք են բերվել Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության, սահմանների անխախտելիության և փոխադարձության սկզբունքների հարգմամբ:
Իր վերջին ուղերձում վարչապետ Փաշինյանը պնդում էր՝ խաղաղությունն այլևս հաստատված փաստ է. – «Մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար ստեղծվել են վերջապես բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա: Այդ իրողությունը, որը ենթակա չէ և երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելո համար»:
Ու մինչ պաշտոնական Երևանը հայտարարում է, թե Վաշինգտոնի պայմանավորվածությունների արդյունքերով Հայաստանի ու Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է հաստատվել, Լեմկինի ինստիտուտը, մանրամասն վերլուծելով Վաշինգտոնում նախաստորագրված հայ – ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը, թվարկում է այն խնդիրները, որոնք չեն լուծվել այս փաստաթղթով, վտանգներ են պարունակում, չկան պայմանավորվածությունների իրականացման հստակ մեխանիզմներ ու փակում են Բաքվին պատասխանատվության կանչելու ճանապարհները.
«Պայմանագիրը չի անդրադառնում Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիևի բռնապետության շարունակական ցեղասպանական բնույթին, Ադրբեջանի կողմից հայկական տարածքների շարունակական օկուպացիային, հայկական մշակութային ժառանգության ճակատագրին, Արցախի կարգավիճակին, Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի իրավունքներին, հայ ռազմագերիների և ադրբեջանական բանտերում գտնվող Արցախի նախկին քաղաքական ղեկավարության ճակատագրին կամ անցյալում մարդու իրավունքների խախտումները լուծելու մեխանիզմներին»։
Ավելին՝ սկզբնաղբյուրում:



















