Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար հայկական կողմը պետք է ձեռնարկի կոնկրետ քայլեր․ Ամիրբեկով

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը նշել է, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանին և Ադրբեջանին միջև խաղաղության պայմանագրի պարաֆավորումը կարևոր քայլ էր հարաբերությունների կարգավորման ճանապարհին։

Նրա խոսքով, սակայն, դեռ խոսքը չի գնում պայմանագրի վերջնական ստորագրման մասին․ «Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և այն կյանքի կոչելու համար հայկական կողմը պետք է ձեռնարկի կոնկրետ քայլեր։ Մասնավորապես, Հայաստանի Սահմանադրությունում մինչ օրս կան կետեր, որոնք պարունակում են անընդունելի տարածքային հավակնություններ և հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Հետևաբար, կայուն խաղաղության համար անհրաժեշտ է, որ Հայաստանի հիմնական օրենքը համապատասխանեցվի արդեն երկու երկրների կողմից պարաֆավորված համաձայնագրի տեքստին և ոգուն»։

Ամիրբեկովը շեշտել է, որ ինքնին պարաֆավորումը մեծ առաջընթաց է՝ երկկողմ կառուցողական երկխոսության և քաղաքական կամքի արդյունք։ Նա առանձնացրել է միջազգային գործընկերների, հատկապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը։

«Եթե գործընթացը շարունակվի լուրջ և վճռական ձևով, ապա Հարավային Կովկասի պատմության մեջ կարող է բացվել նոր էջ, որը կկառուցվի համագործակցության, կայունության և ընդհանուր բարեկեցության հիման վրա»,- ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ ասել է Ամիրբեկովը։