Լեհաստանը չորեքշաբթի առավոտյան կիրառել է իր և ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանական միջոցները՝ ոչնչացնելով մի քանի անօդաչու սարք, որոնք ներթափանցել էին երկրի օդային տարածք։ Սա ամենախոշոր միջադեպն է ՆԱՏՕ-ի տարածքում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր։ Այս մասին գրում է The Guardian-ը:
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ժամը 08:00-ին հրատապ նիստ է գումարել և հայտարարել է, որ գտնվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեի հետ մշտական կապի մեջ։ «Մենք գործ ունենք մասշտաբային սադրանքի հետ․ պատրաստ ենք հակազդելու ցանկացած սցենարի։ Իրավիճակը լուրջ է, և ոչ ոք չի կասկածում, որ պետք է պատրաստվենք տարբեր հնարավոր զարգացումների»,-ասել է Տուսկը։
Նրա խոսքով՝ Լեհաստանը հաջողությամբ հետ է մղել հարձակումը և խուճապի պատճառ չկա, սակայն ընդգծել է, որ ռազմական հակամարտությունը «ավելի մոտ է, քան երբևէ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»։ Վարպետն ընդգծել է, որ Վարշավան պատրաստվում է դիմել ՆԱՏՕ-ի 4-րդ հոդվածին՝ պաշտոնական խորհրդակցությունների համար։
Լեհաստանի զինվորական հրամանատարությունը հայտնել է, որ առավոտյան ավելի քան 10 թռչող օբյեկտ վնասազերծվել է․ առնվազն երեք անօդաչու խոցվել է։ Նրանցից մի քանիսը ներթափանցել էին Լեհաստան Բելառուսի տարածքից։ Նիդերլանդների վարչապետ Դիկ Սխոոֆն էլ հաստատել է, որ իր երկրի F-35 կործանիչները մասնակցել են անօդաչուների խոցմանը։
Լեհական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ անօդաչուներից մեկը հարվածել է երկրի արևելքում գտնվող բնակելի շենքի, սակայն զոհերի մասին տեղեկություններ չկան։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Լեհաստանի օդային տարածքի խախտումը պատահական չէր․ «Սա հերթական էսկալացիոն քայլն է․ ոչ թե մեկ «Շահեդ», որը կարելի էր պատահական համարել, այլ առնվազն ութ հարձակողական անօդաչու, որոնք թիրախավորել են Լեհաստանը»։
Զելենսկին և Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան կոչ են արել հարևան երկրներին խոցել ռուսական հրթիռներն ու անօդաչուները դեռ Ուկրաինայի օդային տարածքում՝ ընդհանուր անվտանգության ապահովման համար։
Եվրոպական Միության պաշտպանության հանձնակատար Անդրյուս Կուբիլիուսը հայտարարել է, որ անհրաժեշտ է ստեղծել «անօդաչուների պատ» ԵՄ արևելյան սահմանի երկայնքով։
Դժվար իրավիճակը խորացրել են նաև առաջիկա «Զապադ» զորավարժությունները, որոնք անցկացնելու են Ռուսաստանն ու Բելառուսը։ Լեհաստանը փակել է Բելառուսի հետ բոլոր ցամաքային սահմանները՝ անվտանգության նկատառումներով։



















