Երբ պետք է ադրբեջանական ճանապարհի մասին շոու անել, անում են, բայց երբ այն իսկապես կարող է պետք լիներ, որևէ մեկը չհիշեց. Պիպոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը

– Պարո՛ն Պիպոյան, ինչո՞վ եք բացատրում իրավիճակը, որը ստեղծվել է «Ջերմուկ» ապրանքանիշի որոշ խմբաքանակի շուրջ: Ինչպես հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը՝ ռուսաստանյան մամուլում տարածված տեղեկությունների ֆոնին «Ջերմուկ» հանքային ջրի որոշ խմբաքանակների իրացման հնարավոր կասեցման վերաբերյալ ՌԴ պատկան մարմիններից պաշտոնական որևէ հաղորդագրություն չի ստացել, և ներկայումս քայլեր են ձեռնարկվում իրավիճակը պարզաբանելու ուղղությամբ։

– Արգելքի հետ կապված գնահատական տալը վաղ է, որովհետև նույն այդ հաղորդագրությունում ասվում է, որ ավարտված չէ, այսինքն՝ կիրառված է նախազգուշավորության սկզբունքը, ինչը, ցավոք սրտի, մեր երկրում չի կիրառվում, այսինքն՝ պետական վերահսկողը հղում է անում այլ աղբյուրից ստացած տեղեկատվության: 

Մոտավորապես այս օրինակը բերեմ, որ ձեզ համար հասկանալի լինի. պայմանականորեն դուք՝ որպես մեդիա, ապրանքը փորձարկեիք, տայիք պետական կառույցին, ասեիք՝ խնդիր եք տեսել, սրանք էլ փորձաքննության պատասխաններն են: Պետական կառույցը չի կարող առաջնորդվել դրանով ու սանկցիա կիրառել, բայց առնվազն կարող է ռիսկ տեսնել մեջը, հետևաբար կարող է ժամանակավորապես սահմանափակել, մինչև կհայտնաբերի՝ այդ ռիսկն իսկապես կա՞, թե՞ չկա, ըստ դրա որոշում կայացնել, եթե մենք դիտարկում ենք զուտ ընթացակարգային, քաղաքական էլեմենտ չենք տեսնում մեր ասածի մեջ: ՍԱՏՄ-ն այն, ինչ ես ասացի, պետք է կարողանար հանրամատչելի ձևով բացատրել մեր հասարակությանը: 

Երկրորդ՝ նորմալ կառավարման համակարգ ունենալու պարագայում ՍԱՏՄ-ն ոչ թե գործընկերների հետ կշփվեր նամակագրությամբ ու կսպասեր նամակի, այլ արագ կապ կհաստատեր, կհասկանար՝ արդյոք ինչ-որ ռիսկ տեսե՞լ են, թե՞ ոչ, ու դրա մասին հանրային իրազեկում կաներ՝ առաջին հերթին չափել-ձևելով՝ հասկանալու համար մեր երկրում, առաջինը՝ այն խմբաքանակը, որը գնացել է, այդ խմբաքանակում ինչ-որ շեղում հայտնաբերվե՞լ է, օրինակ՝ կարող է լինել ավել մետաղ, այդ ցուցանիշի նկատմամբ հսկողություն մեր երկրում եղե՞լ է, թե՞ չի եղել: 

Որովհետև, ի վերջո, չի բացառվում, որ գրանցված ապրանք լինի անվտանգության սերտիֆիկատներով, ամեն անգամ արտահանվող խմբաքանակով փորձարկման բոլոր ցուցանիշների նկատմամբ հո չի ենթարկվում, իհարկե ոչ, համապատասխանում է, արտահանվում է: Կհասկանար՝ կա՞, չկա՞, ինքն էլ կորոշեր ինչ-որ քայլ անել, թե չէ: 

Տարբերակ համար երրորդ՝ որևէ մեկը որևէ բան չի անում, ու խնդիրը, ինչպես միշտ, տնտեսական հարրթությունից գալիս է բացառապես քաղաքական հարթություն: Եվ բոլորը քաղաքական հարթության մեջ հանգիստ քննարկում են, ռուսամետներն ասում են՝ լավ են արել, հակառուսներն ասում են՝ վատ են արել, իրականում հայերը, որոնց հետաքրքրում է բացառապես հայկական շահը, մնում են քչով, մի անկյուն քաշված, որովհետև քննարկումը ընթացակարգային հարթությունից դուրս է: 

Միակ էլեմենտը, որ կարող եմ ասել քաղաքական հարթության մեջ, դա այն է, որ բարիդրացիական հարաբերությունները կարող են երկրի մակարդակով լինել, ինստիտուցիոնալ մակարդակով չլինել, կարող են իրականում երկրի մակարդակով լինել, բայց իմիտացիա ստեղծեն, որ չկան: 

Ես կարող եմ հավաստիացնել մի բան․ ամեն սանկցիայից հետո մենք բազմիցս տեսել ենք, որ աղմուկը գերազանցում է բովանդակությանը: Հիմա ակնհայտ տեսնում ենք, որ մնացած ապրանքների համար գլոբալ խնդիրն այնքանով է, որքանով որ Լարսը փակ էր, փակ էր, որովհետև կար ճանապարհի խնդիր, այնպես չէ, որ հայերի համար փակ էր, վրացիների համար՝ բաց: Հիմա նորից բաց է, հեղուկ գազի դեֆիցիտ էլ կար այդ նույն Լարսի փակ լինելու պատճառով:

– Նման խնդիրները հնարավո՞ր է նախապես կանխել, թե՞ այսպիսի դեպքերն անխուսափելի են:

– Իհարկե հնարավոր է: Երկու զուգահեռ օրինակ ասեմ, քանի որ հանրային երկու թեմա կա, «Ջերմուկից» բացի նաև հեղուկ գազն է: Ամբողջ աշխարհը գիտեր, որ նավթի գների իրական տատանումն իր հերթին բերելու է բենզինի թանկացման և այլընտրանքային վառելիքի, բոլորը կանխարգելիչ աշխատանքներ էին իրականացնում, հաշվարկում էին, որ կարող է ֆորսմաժոր լինել, ու ճգնաժամային կառավարում է պետք, որպեսզի եթե հանկարծ ինչ-որ խնդիր ծագեր, ինչպես ծագեց Լարսում, ունենայինք համապատասխան մշակած ռազմավարական պլան, օրինակ՝ հաշվել պաշարները, օրական սպառման ծավալը, կանխատեսել, թե այսքան աճի պարագայում ինչքան կդառնա պաշարը, քանի օր կբավարարի, կանխատեսել՝ քանի օր կարող է Լարսը փակ մնալ, այլընտրանքային ճանապարհներ, շուկաներ պե՞տք են, թե՞ ոչ, բիզնեսի հետ աշխատել և այլն: 

Մենք շատ հաճախ քննարկում ենք, թե ինչ արվեց, մինչդեռ շատ դեպքերում պետք է քննարկել ինչ չարվեց, որովհետև իշխանությունները աշխատելու համար են: Բազմիցս եմ ասել, երբ շատ խոսող պաշտոնյա եք տեսնում՝ իմացեք, որ ձեր հաշվին է խոսում, որովհետև պաշտոնյան պետք է շատ աշխատի, քիչ խոսի, ժամանակը տրամադրի իր աշխատանքին: Մեր երկրի առջև ծառացած խնդիրներն այնքան շատ են, որ ութժամյա ռեժիմով դրանք չեն լուծվելու, տասով էլ չեն լուծվելու, քսանչորս ժամ աշխատելու գործ կա այս երկրում: 

– Պարո՛ն Պիպոյան, նույն այդ հեղուկ գազի մասով, քանի օր է՝ վարորդները դժգոհում են, համապատասխան գերատեսչությունը ընդամենը րոպեներ առաջ պարզաբանում է տարածել՝ ելնելով լրատվամիջոցների բազմաթիվ հարցումներից: Սա նորմա՞լ պրակտիկա է, սպառողների նկատմամբ պատշա՞ճ վերաբերմունք է:

– Շատ լցակայաններում այսօր կտրոնով են վաճառում, ավելի շատ կտրոններ ունեն իրավաբանական անձինք, որոնք էլ ավելի մեծ ռեսուրսներ ունեն մեքենան սարքին պահելու համար, քան ֆիզիկական անձինք: 

Այսինքն՝ հասկանալի է, որ երբ հեղուկ գազով մեքենա ունեցող քաղաքացին, հնարավոր է, որ չկարողանա այդ մեքենան բենզինով շահագործել, որովհետև ինչ-ինչ մասեր փչացած են, իսկ դրանք վերանորոգելը այդ մարդու համար բեռ է, դրան հակառակ իրավաբանական անձինք ռեսուրս ունեն, կարող են իրենց մեքենան վերանորոգել: 

Այնպես որ, ռեսուրս ունեցողի համար ավելի լավ պայման է գազի շուկայում, քան՝ ռեսուրս չունեցողի, իսկ սա հետևանք է նրա, որ չկա կառավարում, քանի որ երբ պետք է ադրբեջանական ճանապարհի մասին շոու անել, անում են, բայց երբ իրականում մեկ անգամ այդ ճանապարհը կարող է իսկապես պետք լիներ, որևէ մեկը չհիշեց այդ մասին ու չասաց: 

Ես չեմ ուզում երկար տեսական բաներ թվարկել, որովհետև հնարավոր ելքերն ահավոր շատ են, ես չեմ կարող 42-էջանոց փաստաթուղթ պատմել, ներկայացնել: Ճգնաժամային կառավարման ռազմավարություն է պետք ունենալ՝ ո՛ր օրն ենք հանրությանը տեղեկացնում, որ հինգ օր խնդիր չունենք, նաև դրանով զսպենք գնաճը և այլն: Այս ամեն ինչը հետևանք է համակարգային կառավարման բացակայության, չկա համակարգային մոտեցում, պետական կառավարումն անլրջացնելը հասել է չգիտեմ որ աստիճանի: 

Հանրային իրազեկումն ինքնանպատակ չի լինում, դա բերում է նրան, որ խուճապ չի առաջանում, նաև ավելորդ վաճառք չի լինում, ու չորս օրվա պաշարը դառնում է չորս օրվա, ոչ թե խուճապի հետևանքով դառնում է երեք օրվա պաշար: Բայց դու պետք է իմանաս, որ իրականում քեզ մոտ չորրորդ օրը խնդիր չի լինելու, որովհետև, պայմանական, իրանականը մտնելու է շուկա, եթե դեֆիցիտ է լինելու ի՞նչ իրազեկես, իրազեկման աշխատանքները հանրության հետ արվում են միայն այն դեպքում, երբ մնացածների հետ է աշխատանք արվել, եթե չի արվել այդ աշխատանքը, ի՞նչն ես իրազեկում, իրազեկում ես, որ դու կա՞ս: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am