«Վարորդը որևէ կապ չունի դեպքի հետ». Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վրաերթի գործով դատավարությունը՝ շուտով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ տեղի ունեցած վրաերթի գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Կենտրոն նստավայր) հոկտեմբերի 31-ին նախատեսված նիստը չի կայանա: Այս գործով մեղադրյալի պաշտպան Ռուբեն Բալոյանը այլ գործով նշանակված դատական նիստ ունի, ուստի խնդրել է դատարանին հետաձգել վրաերթի գործով նիստը ու նշանակել այլ օր:

Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ տեղի ունեցած վրաերթի հետևանքով, հիշեցնենք, մահացել էր հղի Սոնա Մնացականյանը: Դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 26-ին Երևանի Լեոյի-Պարոնյան փողոցների խաչմերուկում: Այս գործով մեղադրյալը ՀՀ վարչապետի ավտոշարասյան ուղեկցող սպայական գումարտակի հրամանատար Արամ Նավասարդյանն է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Պաշտպանական կողմը արդեն հստակեցրել է դատարանում իր մարտավարությունը: «Մենք պնդելու ենք, որ ուղեկցող գումարտակի վարորդը մեղավոր չէ: Ուղեկցողը իրավունք չունի կանգնել, անկախ նրանից՝ ինչ դեպք է տեղի ունեցել: Այդտեղ որևէ խախտում չկա: Ես կարծում եմ՝ վարորդը որևէ կապ չունի դեպքի հետ, մեղավոր է տուժողը (նկատի ունի՝ Սոնա Մնացականյանը – հեղ.)»,- «Մեդիալաբին» ասում է փաստաբան Ռուբեն Բալոյանը:

Նա ասում է՝ ինքը նման պնդում անելիս հիմնվում է փաստերի վրա, իսկ փաստերը գործի նյութերում առկա տեսանյութերն են, որոնք արձանագրել են դեպքը:

«Եթե տեսանյութերն ուշադիր նայեք, կտեսնեք՝ տուժողից մեկ քայլ առաջ այլ հետիոտն է անցնում, որն ընդամենը քայլերը մի փոքր արագացնում է ազդանշանի դեպքում, սակայն տուժողը անհասկանալի պատճառով ձեռքերը վեր պարզած հետ-հետ է գալիս, հենց այդ ժամանակ էլ տեղի է ունենում դեպքը»,- նշում է Բալոյանը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը իր հերթին դժգոհել էր նախաքննության ընթացքից և հայտարարել, որ թերի նախաքննություն է իրականացվել: Նա մասնավորապես դժգոհ էր, որ նախաքննությունը իրավական գնահատական է տվել միայն ՃՈ ուղեկցող գումարտակի մեքենայի վարորդ Արամ Նավասարդյանի գործողություններին, բայց շրջանցել է շարասյան ղեկավարի, կորտեժի պատասխանատու ղեկավարի գործողություններին իրավական գնահատական տալու հանգամանքը:

Բացի այդ, նա հայտարարել էր՝ ուղեկցող մեքենայի մեջ գործել է ռադիոկապ, որի ձայնագրությունները, սակայն ոչնչացվել են, թեպետ ոստիկանությունից պաշտոնապես պատասխանել են, որ ռադիոկապով խոսակցությունը չի ձայնագրվել տեխնիկական անսարքության պատճառով: Տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչը պնդել էր, որ վարույթն իրականացնող մարմինը, այսինքն՝ Քննչական կոմիտեն, իր գործողություններում կաշկանդվածություն է ցուցաբերել:

Նախաքննության արդյունքներից ամբողջությամբ գոհ չէ նաև պաշտպանական կողմը, քանի որ նրանք պահանջում էին կարճել գործը, ազատել վարորդին քրեական պատասխանատվությունից:

Այս գործով դատավարությունը կանցկացվի դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am