Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած Հանրապետական կուսակցությունն արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումներ է սկսել: Առիթը, ինչպես նշել են, վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու թեմայով խորհրդարանական լսումներն են, Փաշինյանին հեռացնելու օրակարգի շուրջ համախմբումը:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
«Իշխանափոխության լուծումների, կիրառական ուղիների քննարկում: Մեր առաջարկած ուղին իմփիչմենթն է, մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները կա՛մ դրա շուրջ մեր հետ կհամախմբվեն, կա՛մ կառաջարկեն այլ լուծում», – «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Աննա Մկրտչյանն արդեն հանդիպել են «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին, Ազգային ժողովրդավարական միության ղեկավար Վազգեն Մանուկյանին ու «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, այսօր հանդիպել են նաև «Դեմոկատական այլընտրանք» կուսակցության ղեկավարներին: Մյուս ուժերի մասին Մամիջանյանը ոչինչ չասաց. – «Մնացած հանդիպումների վերաբերյալ պոստ ֆակտում, էլի»:
Ի՞նչ են քննարկել այս գործիչների հետ, հատկապես՝ Արթուր Վանեցյանի ու Վազգեն Մանուկյանի, որ 2020 թվականի պատերազմից հետո էլ փորձեցին Փաշինյանին հեռացնել իշխանությունից, ու չհաջողվեց: Հայկ Մամիջանյանը քննարկումների բովանդակությունից ոչինչ չպատմեց: Իսկ կասկածներ չունե՞ն, որ անվստահություն հայտնելու գործընթացն այս անգամ էլ կտապալվի, քանի որ դրա համար անհրաժեշտ է, որ Փաշինյանի թիմակիցներն էլ իրենց միանան:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում



















