Հայաստանը կմնա Արցախի անվտանգության երաշխավորը. Մնացականյանն անդրադարձել է Hard Talk-ում իր զրույցին

Հայաստանը կմնա Արցախի անվտանգության երաշխավորը. Մնացականյանն անդրադարձել է Hard Talk-ում իր զրույցին
Հայաստանը կմնա Արցախի անվտանգության երաշխավորը. Մնացականյանն անդրադարձել է Hard Talk-ում իր զրույցին

Հայաստանն օգտագործելու է միջազգային բոլոր հարթակները՝ ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ առանցքային մոտեցումները. ԼՂ խնդիրը տարածքային վեճ չէ. այն անվտանգության և կարգավիճակի հարց է:

Արցախում ապրում են հայեր. որպեսզի այդ տարածքը մնա պատմական հայկական տարածք, անհրաժեշտ է, որ Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքը պաշտպանվեն այսօր և ապագայում: Այս մասին ընդգծեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ հոկտեմբերի 28-ին Բուլղարիայի ԱԳՆ Եկատերինա Զախարիևայի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում: «Արցախի հիմնահարցի հիմքում ընկած է մեզ համար ամենակարևորը՝ Արցախի ժողովրդի անհատական և ընդհանրական իրավունքը, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի իրականացումը, Արցախի ժողովրդի անվտանգությունն ու կարգավիճակը: Շատ հստակ է բոլորիս համար մեր դիրքորոշումը: Մենք, որպես միջազգային հանրության լիարժեք անդամ, եղել և մնում ենք Արցախի անվտանգության երաշխավորը:

Այս մոտեցումը Հայաստանը տարածելու է միջազգային հանրության լայն շրջանակների մեջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարար Մնացականյանը՝ անդրադառնալով BBC-ի Hard Talk հաղորդմանն իր մասնակցության մասին հարցին:

Նա նկատեց՝ Հայաստանը բացառություն չէ. նման ձևաչափի հաղորդումը ներքաղաքական դեբատի առիթ է ստեղծում և փաստում է, որ երկրում կա բազմակարծություն, կան և՛ քննադատություն, և՛ աջակցություն: «Քննարկումը եղել է շատ դինամիկ, որն ի ցույց է դրել երկրում առողջ քննադատության, ժողովրդավարական հիմքի գոյությունը:  Ուրախ եմ, որ Հայաստանում հաղորդումն առաջ է բերել ակտիվ քննարկում, որը բազմակարծության ապացույց է: Այդ քննարկումը շատ օգտակար էր նաև ինձ համար»,-նշեց Զոհրաբ Մնացականյանը: