Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի վերաքննիչ դատարան ներկայացրած դիմումի քննությունը կմեկնարկի 2026 թվականի մարտի 16-ին և կտևի մինչև հունիսի 3-ը։
Ինչպես տեղեկացնում է France 24-ը, այս մասին հայտնել է Փարիզի դատարանը։
Սեպտեմբերի 25-ին դատարանը Սարկոզիին՝ ով Ֆրանսիայի նախագահն էր 2007-2012 թվականներին, մեղավոր էր ճանաչել այսպես կոչված «լիբիական գործով»՝ կապված 2007 թվականին Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի կողմից նրա ընտրարշավի ֆինանսավորման հետ։Նրան դատապարտել էին 5 տարվա ազատազրկման, և հոկտեմբերի 21-ին Սարկոզին բանտարկվել էր՝ դառնալով ԵՄ անդամ պետության առաջին նախկին ղեկավարը, որը հայտնվել է այդ կարգավիճակում։
Նոյեմբերի 10-ին Փարիզի վերաքննիչ դատարանը որոշել էր պայմանական ազատ արձակել Սարկոզիին՝ դատական հսկողության տակ դնելու պայմանով։ Նրան արգելվել է լքել Ֆրանսիայի տարածքը։
Ֆրանսիայի նախկին նախագահը բազմիցս մերժել է իր դեմ ներկայացված մեղադրանքները։
Բանտից տուն վերադարձից հետո նա X-ի իր էջում գրել էր․
«Ճշմարտությունը կհաղթի։ Սա փաստ է, որը մեզ կյանքն է սովորեցրել»։
Հետաքննության համաձայն՝ Սարկոզիի օգնականները, գործելով նրա անունից, 2005 թվականին գործարք էին կնքել Քադաֆիի հետ՝ անօրինական կերպով ֆինանսավորելու նրա նախագահական ընտրարշավը։



















