Ուկրաինան պատրաստ է շարունակել առաջ շարժվել Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու խաղաղության ծրագրով, սակայն ընդգծում է երեք կարմիր գիծ, որոնք անքակտելի են։ Ինչպես փոխանցում է The Guardian-ը, այս մասին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կայացած խորհրդարանական գագաթնաժողովում հայտարարել է Ուկրաինայի Վերխովնա Ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը։
Նա հայտարարել է, որ խաղաղության բանակցություններում Ուկրաինայի կարմիր գծերն են՝ չի կարող լինել ուկրաինական տարածքների ռուսական օկուպացիայի իրավական ճանաչում, չի կարող սահմանափակվել Ուկրաինայի զինված ուժերի քանակը, չի կարող վետո կիրառվել ապագայում նախընտրելի դաշինք ընտրելու Ուկրաինայի իրավունքի նկատմամբ։
Ստեֆանչուկի խոսքով՝ ոչ ոք իրավունք չունի հատելու այս կարմիր գծերը։ Նա ընդգծել է, որ «ցանկացած իրական խաղաղության գործընթաց պետք է հիմնված լինի շատ հստակ սկզբունքի վրա՝ ոչինչ չի կարող որոշվել Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի մասնակցության»։ Նա շեշտել է նաև, որ որևէ համաձայնություն չպետք է խախտի երկրի սահմանադրությունը։
Ավելի վաղ տեսակապով Շվեդիայի խորհրդարանին էր դիմել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ հայտարարելով, որ Կիևը շարունակում է աշխատանքը գործընկերների հետ՝ պատերազմի դադարեցման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած ծրագրի շուրջ։ Զելենսկու խոսքով՝ այժմ «կրիտիկական պահ է», և ուկրաինական կողմը «սերտորեն աշխատում է ԱՄՆ-ի և եվրոպացի գործընկերների հետ՝ քայլերը հստակեցնելու նպատակով» պատերազմի ավարտման համար։
«Պուտինը ցանկանում է, որ օրինական ճանաչում ստանա այն, ինչ նա գողացել է… ոչ միայն Ուկրաինայից, այլ ամբողջ աշխարհից, ինչը չափազանց վտանգավոր է»,- ասել է Զելենսկին։
Նա նաև նշել է, որ բանակցությունների ընթացքում մինչ այժմ հաջողվել է պահպանել «ամենազգայուն հարցերը»՝ ներառյալ բոլոր ուկրաինացի ռազմագերիների ազատ արձակումը և առևանգված ուկրաինացի երեխաների վերադարձը։



















