Երևանի կենդանաբանական այգում թափառող շները հոշոտել են 3 մուֆլոնների

Երևանի կենդանաբանական այգում թափառող շները հոշոտել են 3 մուֆլոնների
Երևանի կենդանաբանական այգում թափառող շները հոշոտել են 3 մուֆլոնների

Ս.թ նոյեմբերի 1-ին լույս առավոտ, մոտավորապես ժամը 06:00-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգու տարածքում գրանցվել է թափառող շների ներթափանցման երկրորդ դեպքը:

Ինչպես տեղեկացնում են Կենդանաբանական այգուց, ոհմակը հարձակվել է Այգում պահվող թվով 3 մուֆլոնների (2 արու, 1 էգ) վրա: Գրանցվել է կենդանիների անկում: Շներին բռնել չի հաջողվել:

«Երևանի կենդանաբանական այգու անձնակազմի կարծիքով Այգի մուտք գործած ոհմակը, ամենայն հավանականությամբ, նույն ոհմակն է, որ երեկ՝ հոկտ. 31-ին հարձակվել էր կենգուրուների վրա: Հիշեցնենք, որ կենգուրուների ազատավանդակից հաջողվել է բռնել նույն ոհմակի 3 ձագերին, որոնք տեղափոխվել են Թափառող շների վնասազերծման ՀՈԱԿ:

Երևանի կենդանաբանական այգին ահազանգում է Երևան քաղաքի տարածքում չստերջացված և վտանգավոր շների ոհմակի առկայության վտանգավորության մասին, որը նաև հանրային անվտանգության ապահովման հիմնախնդիր է, քանի որ ոհմակ կազմած, արդեն կենդանու որս արած շները վտանգավոր են թե՛ կենդանիների, թե՛ մարդկանց համար:

Դիմում ենք պատկան կառույցներին վերոնշյալ շների ոհմակին հրատապ կարգով գտնելու և վնասազերծելու նպատակով՝ հաշվի առնելով խնդրի հրատապությունն ու հանրային անվտանգության ապահովման կարևորությունը:

Հավելենք, որ շների ներթափանցման հետ կապված մարդկային գործոնի բացառման համար դիմել ենք նաև ՀՀ իրավապահ մարմիններին՝ նախաքննություն սկսելու նպատակով»,- նշված է այգու տարածած հայտարարությունում: