Վենսի Հարավկովկասյան այցը նվիրված է Զանգեզուրի տրանսպորտային միջանցքին. Կոբախիձե

«Մեր տեղեկություններով՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հարավկովկասյան այցը նվիրված է Զանգեզուրի տրանսպորտային միջանցքին, ուստի տրամաբանական է, որ դրա հիմնական հասցեատերերը պետք է լինեն Ադրբեջանն ու Հայաստանը»,- այսօր Թբիլիսիում լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Վրացական լրատվամիջոցները վարչապետին հարցրել են, թե ինչու է Վենսը փետրվարին սպասվող իր տարածաշրջանային այցի շրջանակում շրջանցելու Վրաստանը։ Ի պատասխան՝ Կոբախիձեն նշել է․ «Մենք պատրաստ ենք Միացյալ Նահանգների հետ զարգացնել ռազմավարական գործընկերություն։ Սակայն ընտրությունը ամերիկյան կողմինն է։ Ցավոք, Բայդենի վարչակազմի կողմից ձևավորված վրաց-ամերիկյան հարաբերությունների համատեքստը բավական բարդ է»,- ընդգծել է նա։