ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել Միացյալ Նահանգների հետ և խուսափել ռազմական բախումից։ Այդ մասին, BBC-ի փոխանցմամբ, Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով Պարսից ծոցում ամերիկյան ուժերի կուտակման վերաբերյալ հարցերին։
«Կարող եմ ասել հետևյալը՝ նրանք իսկապես ցանկանում են գործարք կնքել»,– նշել է ԱՄՆ նախագահը։
Օրեր առաջ Թրամփը Թեհրանին զգուշացրել էր, որ միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների ժամանակը «սպառվում է»։ Այդ ֆոնին Իրանի մերձակայքում կուտակվել է ԱՄՆ-ի խոշոր ռազմածովային նավատորմ։
Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ ներկայումս ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն նախատեսվում, սակայն Թեհրանը բաց է փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված երկխոսության համար։
Իրանը շարունակում է պնդել, որ իր միջուկային ծրագիրը ունի բացառապես խաղաղ բնույթ և բազմիցս հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները՝ միջուկային զենք մշակելու նպատակների վերաբերյալ։



















