Արամ Ա-ն դիմել է ԱՄՆ փոխնախագահ Վենսին՝ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցով

Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը նամակով դիմել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ Բաքվում պահվող հայ գերիների և Արցախի նախկին ղեկավարների ազատ արձակման հարցով։ Վեհափառ Հայրապետը նամակում շեշտել է նաև Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը՝ խնդրելով անձնական միջամտություն։ Այս մասին հաղորդագրություն է տարածվել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ֆեյսբուքյան էջում։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ՅԱՏՈՒԿ ՆԱՄԱԿՈՎ ԴԻՄԵՑ ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒ ՓՈԽ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՊԱՔՈՒԻ ՀԱՅ ԲԱՆՏԱՐԿԵԱԼՆԵՐՈՒ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՐՑՈՎ

Միացեալ Նահանգներու փոխ նախագահին՝ Ճէյմս Տէյվիտ Վանսի օրեր առաջ գրած յատուկ նամակով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը անոր ուշադրութեան յանձնեց Պաքուի մէջ բանտարկուած Արցախի ղեկավարներուն եւ հայ ռազմագերիներուն ազատ արձակման, ինչպէս նաեւ Արցախի հոգեւոր-մշակութային կոթողներու անվթար պահպանման հարցերը՝ դիմելով անոր անձնական միջամտութեան: Յիշեալ նամակին մէջ Վեհափառ Հայրապետը նաեւ յիշեցուց, որ միջազգային օրէնքը յստակօրէն կը շեշտէ թէ՛ ռազմագերիներու ազատ արձակումը եւ թէ՛ հոգեւոր-մշակութային կոթողներու պաշտպանութեան կարեւորութիւնը:

Յայտնենք, որ արդէն Վեհափառ Հայրապետին նամակը կը գտնուի փոխ նախագահին գրասեղանին վրայ: Ան յառաջիկայ շաբաթ յաջորդաբար Հայաստան ու Ազրպէյճան պիտի այցելէ»: