Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Հիշեցնելով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ օրեր առաջ ունեցած հեռախոսազրույցը՝ Ալիևը նշել է, որ բարձր մակարդակի շփումները լավ հնարավորություն են երկկողմ օրակարգի հարցերը քննարկելու համար։ Նա ընդգծել է, որ Փեզեշքիանի անցյալ տարվա պաշտոնական այցը Ադրբեջան հաջող էր, և այդ այցից հետո երկու երկրների հարաբերությունները զարգացել են։
Ալիևը, անդրադառնալով աշխարհում շարունակվող պատերազմներին ու հակամարտություններին, հայտարարել է, որ Հարավային Կովկասում խաղաղություն է հաստատվել, ինչը, նրա խոսքով, մեծ նշանակություն ունի նաև Իրանի համար։ «Մենք խաղաղություն ենք ուզում ամբողջ աշխարհում, որպեսզի արյունահեղություն և պատերազմներ չլինեն»,– ասել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով, որ Ադրբեջանը մտահոգված է տարածաշրջանում առկա լարվածությամբ և պատրաստ է աջակցել դրա կարգավորմանը։
Իրանի պաշտպանության նախարարը Ալիևին փոխանցել է նախագահ Փեզեշքիանի ողջույնները և նշել, որ Ադրբեջան է ժամանել նրա հանձնարարությամբ։ Նա նաև ընդգծել է, որ Իրանի նախագահը մեծ գոհունակությամբ է հիշում Ադրբեջան կատարած իր այցերը։
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են բարեկամության, եղբայրության և բարիդրացիության սկզբունքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունների զարգացումն ու պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարները։



















