Այսօր հրապարակված Թրանսփարենսի Ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2025 թվականի տվյալների համաձայն՝ կոռուպցիան ամբողջ աշխարհում խորանում է։ Նույնիսկ կայացած ժողովրդավարական երկրներում արձանագրվում է կոռուպցիայի աճ՝ առաջնորդության անկման պայմաններում։ Ամենամյա պարբերությամբ հրապարակվող այս համաթիվը ցույց է տալիս, որ վերջին տասնամյակում ԿԸՀ համաթվի 80-ից բարձր միավոր ստացած երկրների թիվը նվազել է՝ 12-ից հասնելով ընդամենը 5-ի։
Համաթվի արդյունքները ցույց են տալիս, որ ժողովրդավարական երկրները, որոնք սովորաբար ավելի ուժեղ են հակակոռուպցիոն ոլորտում, քան ավտորիտար կամ թերի ժողովրդավարական վարչակարգերը, ներկայումս արձանագրում են մտահոգիչ անկում։ Այս միտումը տարածվում է այնպիսի երկրների վրա, ինչպիսիք են Միացյալ Նահանգները (64), Կանադան (75), Նոր Զելանդիան (81), և եվրոպական մի շարք երկրները, այդ թվում՝ Միացյալ Թագավորությունը (70), Ֆրանսիան (66) և Շվեդիան (80)։ Մեկ այլ մտահոգիչ միտում է բազմաթիվ երկրներում խոսքի, միավորման և հավաքների ազատությունների աճող սահմանափակումների փաստը։ 2012 թվականից ի վեր Կոռուպցիայի ընկալման համաթվում էական անկում արձանագրած 50 երկրներից 36-ում այդ գործընթացը ուղեկցվել է նաև քաղաքացիական տարածքի նեղացմամբ։
2025 թվականին ականատես եղանք երիտասարդ սերնդի (Z սերունդ կամ Gen Z) առաջնորդությամբ կազմակերպված կոռուպցիայի դեմ ուղղված բողոքի ցույցերի այն երկրներում, որոնց ԿԸՀ ցուցանիշները վերջին տասնամյակում հիմնականում արձանագրել են լճացում կամ անկում։ Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Նեպալը (34) և Մադագասկարը (25) երիտասարդները դուրս եկան փողոց՝ բողոքելու իրենց երկրների իշխանությունների դեմ իրենց լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև պատշաճ հանրային ծառայությունների և տնտեսական հնարավորությունների ապահովումը ձախողելու համար։
Թրանսփարենսի Ինթերնեշնլը զգուշացնում է, որ համաշխարհային մակարդակով կոռուպցիայի դեմ պայքարում համարձակ առաջնորդության բացակայությունը թուլացնում է միջազգային հակակոռուպցիոն նախաձեռնությունները, և առկա է վտանգ, որ հանրության կողմից բարեփոխումներ իրականացնելունն ուղղված ճնշումն աշխարհի տարբեր երկրներում կնվազի։
Ավելին՝ սկզբանղբյուրում



















