Իրանում մեկնարկել են ռազմածովային զորավարժություններ՝ ամերիկյան ուժերի կուտակման ֆոնին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) մեկնարկել է «Խելացի վերահսկողություն Հորմուզի նեղուցի նկատմամբ» ռազմածովային զորավարժությունները՝ Մերձավոր Արևելքում լարվածության և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության աճի ֆոնին։

Իրանական SNN գործակալության հաղորդմամբ՝ զորավարժությունների ընթացքում կստուգվի ԻՀՊԿ ստորաբաժանումների պատրաստվածությունը, կմշակվեն Հորմուզի նեղուցի շրջանում անվտանգության սպառնալիքներին հակազդելու գործողությունների սցենարներ, ինչպես նաև կքննարկվեն իրանցի զինվորականների «արագ, վճռական և բազմակողմ հակազդման» մեխանիզմները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի շուրջ իրավիճակի սրման պայմաններում շուտով Մերձավոր Արևելք կուղարկվի ԱՄՆ ռազմածովային ուժերի երկրորդ ավիակիր խումբը։ Նրա խոսքով՝ այդ քայլը անհրաժեշտ կլինի, եթե չհաջողվի Թեհրանի հետ համաձայնության հասնել։

Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ տարածաշրջանում ամերիկյան ուժերի տեղակայումը միտված է այնտեղ տեղակայված ամերիկյան ուժերի պաշտպանությանը՝ հնարավոր սպառնալիքների դեպքում։

Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը նախատեսված է փետրվարի 17-ին Ժնևում։