Բիլ Գեյթսը խոստովանել է, որ արտաամուսնական կապեր է ունեցել երկու ռուս կանանց հետ և ենթադրել է, որ հանգուցյալ ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնը կարող էր փորձել օգտագործել այդ տեղեկությունները՝ իրեն շանտաժի ենթարկելու համար։
Microsoft-ի հիմնադիրը ներողություն է խնդրել իր բարեգործական հիմնադրամի աշխատակիցներից՝ Էպշտեյնի հետ ունեցած կապերի համար և ընդունել արտաամուսնական հարաբերությունների փաստը։
Այս մասին հաղորդում է Deutsche Welleն՝ նշելով, որ 70-ամյա Գեյթսը պատմել է, թե կապերից մեկը եղել է ռուս բրիջ խաղացողի հետ, ում հետ ծանոթացել է մրցաշարերի ընթացքում, իսկ մյուսը՝ ռուս միջուկային ֆիզիկոսի, ում հետ համագործակցել է աշխատանքի բերումով։ Գեյթսի խոսքով՝ Էպշտեյնը տեղյակ էր այդ հարաբերություններից և, հնարավոր է, փորձել է դրանք օգտագործել իր դեմ։
Հանրայնացված «Էպշտեյնի ֆայլերում» առկա է 2013 թվականի չուղարկված էլեկտրոնային նամակի նախագիծ, որտեղ Էպշտեյնը պնդում է, թե Գեյթսի համար դեղորայք է ձեռք բերել՝ օգնելու «ռուս աղջիկների հետ սեքսի հետևանքների» հարցում՝ ակնարկելով սեռավարակների մասին։ Նույն նամակում Էպշտեյնը գրում է, թե «Բիլը կարող է ամենահարուստ մարդուց վերածվել ամենամեծ կեղծավորի», իսկ նրա նախկին կինը՝ Մելինդա Ֆրենչ Գեյթսը՝ «ծաղրի առարկայի»։
Հիշեցնենք, որ Մելինդա և Բիլ Գեյթսերը ամուսնալուծվել են 2021 թվականին՝ 27 տարվա համատեղ կյանքի ավարտից հետո։ Գեյթսը նաև ընդունել է, որ Էպշտեյնի հետ հանդիպել է 2011 թվականից հետո՝ այն ժամանակ, երբ վերջինս արդեն դատապարտված էր անչափահասին մարմնավաճառության մեջ ներգրավելու համար։ Սակայն նա ընդգծել է, որ ինքը «ոչինչ ապօրինի չի արել և չի տեսել»։



















