Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքում տեղադրած տեսանյութում անդրադարձել է բուժաշխատողների լիցենզավորման համակարգին:
«Ինչպես գիտեք, օրենքով սահմանվել է, որ 2027 թվականից բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն։ Սա չափազանց կարևոր բարեփոխում է, որը կնպաստի մեր մասնագետների մասնագիտական որակների բարձրացմանը և կկանոնակարգի նաև բարեվարքությանը վերաբերող հարցերը։
Գրեթե անհնար է գտնել զարգացած առողջապահական համակարգ ունեցող մի երկիր, որտեղ բժիշկները չեն լիցենզավորվում։
Այսօրվանից արդեն մեկնարկում ենք գործընթացի կազմակերպման վերաբերյալ ակտիվ հաղորդակցությունը։ Առաջիկա շաբաթվա ընթացքում կանցկացնեմ Zoom-ի երկու հանդիպում՝ առաջնային օղակի բժիշկների և հիվանդանոցային օղակի բուժաշխատողների հետ՝ մանրամասն ներկայացնելու, թե ինչպես ենք նախատեսում իրականացնել այս գործընթացը։
Սիրելի՛ բուժաշխատողներ, ցանկանում եմ ընդգծել, որ այս աշխատանքը տանելու ենք միասին։ Ձեզ համար կստեղծենք հնարավորություն՝ թափանցիկ կերպով ծանոթանալու ամբողջ քննական գործընթացին։ Այսօրվանից սկսած՝ շաբաթը մեկ կամ երկու անգամ կունենամ կարճ հաղորդագրություններ, որոնցում կներկայացնեմ առաջիկա անելիքներն ու քննություններին պատրաստվելու ընթացքը։
Քննական գործընթացն իրականացվելու է արհեստական բանականության (AI) նոր տեխնոլոգիաների կիրառմամբ՝ թափանցիկ և անկախ ձևաչափով։ Նախապես կհրապարակվեն բոլոր հարցաշարերը, որոնք կներառեն մասնագիտական, էթիկայի և շտապ բժշկական օգնության բաժիններ։
Անցած տարի իրականացրել ենք օրդինատորների սահմանափակ լիցենզավորման գործընթացը։ Այդ փորձից ստացել ենք կարևոր հետադարձ կապ, քաղել ենք դասեր, որոնք կօգնեն այս գործընթացն առավել արդյունավետ կազմակերպել։ Կանենք ամեն ինչ, որպեսզի այն լինի ձեզ համար հնարավորինս հարմար, իսկ քննություններին պատրաստվելու և դրանք պատշաճ ձևաչափով հանձնելու բոլոր պայմանները կապահովվեն»։
Տեսանյութը՝ այստեղ:



















