Իրանում տասնյակ աշակերտներ մնացել են դպրոցի փլատակների տակ. կան զոհեր

Իրանի հարավային Հորմոզգան նահանգում տասնյակ աշակերտներ մնացել են փլատակների տակ՝ Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ նույն տարածքում գտնվող հիվանդանոցը ևս մասնակի վնասներ է կրել։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հարվածի թիրախը եղել է Մինաբ շրջանի տարրական դպրոցը։ Mehr գործակալությունը, հղում անելով Մինաբի նահանգապետին, տեղեկացնում է, որ շրջանի աղջիկների տարրական դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի։

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին՝ Իսրայելին սպառնացող վտանգը չեզոքացնելու նպատակով։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները ևս ներգրավված է գործողություններում՝ սկսելով լայնածավալ ռազմական գործողություններ Իրանի դեմ։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Իսրայելի ուղղությամբ։ Իրանը նաև հարվածներ է հասցրել ԱՄԷ-ում, Կատարում, Բահրեյնում և Քուվեյթում տեղակայված ԱՄՆ ռազմական բազաներին։