Փեզեշքիանը հայտարարել է պատերազմի դադարեցման պայմանները

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հրահրված պատերազմի դադարեցման պայմանների մասին։ Այս մասին նա գրել է X հարթակում։

«Ռուսաստանի և Պակիստանի առաջնորդների հետ զրույցում վերահաստատել եմ Իրանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի կողմից հրահրված այս պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհը Իրանի օրինական իրավունքների ճանաչումն է, փոխհատուցումների վճարումը և ապագա ագրեսիայի դեմ միջազգային ամուր երաշխիքների տրամադրումը», – նշել է նա։

Փեզեշքիանը գրառումը հրապարակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ ունեցած առանձին հեռախոսազրույցներից հետո։

ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագրերի զարգացման մեջ։ Իրանը հերքում է այդ մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին ու ամերիկյան ռազմաբազաներին։