Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով 1918 թվականի մարտի 31-ին Բաքվում տեղի ունեցած իրադարձություններին՝ պնդելով, թե 108 տարի առաջ տեղի ունեցած այդ դեպքերի ընթացքում «արմատական հայկական խմբավորումները զանգվածային սպանություններ են իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ»։
Գերատեսչության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ 1918 թվականի իրադարձությունների ընթացքում Բաքվի կոմունային և Դաշնակցությանը ենթակա հայկական ջոկատները, ըստ ադրբեջանական կողմի պնդումների, իբր տասնյակ հազարավոր ադրբեջանցիների են սպանել։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պնդմամբ՝ «ցեղասպանական գործողություններ» են իրականացվել ոչ միայն Բաքվում, այլև մի շարք այլ քաղաքներում։ Դրանց թվում ԱԳՆ-ն հիշատակել է նաև Երևանը՝ օգտագործելով քաղաքի ադրբեջանական անվանումը՝ Իրևան։
«20-րդ դարասկզբի այս արյունալի քաղաքականությունը շարունակվել է նաև նույն դարի վերջում՝ ստանալով համակարգային բնույթ։ Դրա դրսևորումներից էին ներկայիս Հայաստանի տարածքից ադրբեջանցիների զանգվածային տեղահանությունը, ինչպես նաև օկուպացիայի տարիներին իրականացված զանգվածային սպանությունները, այդ թվում՝ Խոջալուի դեպքերը և այլ ռազմական հանցագործությունները», – նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։



















