Վթարի ենթարկված ոստիկանները թեև Փաշինյանին չէին ուղեկցում, բայց նրա այցի շրջանակում էին Լոռի մեկնում. Factor.am

Ապարան-Քուչակ ճանապարհին վթարի ենթարկված ոստիկանության գվարդիայի ավտոբուսի ուղևոր-ծառայողները մեկնում էին Լոռու մարզ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի հանդիպումների ընթացքում հանրային կարգ ապահովելու համար։ Այս տեղեկությունը Factor.am-ին հաստատել են ՆԳՆ երկու պաշտոնյա։

Factor.am-ը փորձեց այս տեղեկատվությունների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ ՆԳՆ խոսնակից, սակայն, վերջինս փոխանցեց, որ մինչ այս հրապարակված պաշտոնական տեղեկատվությանն ավելացնելու ոչինչ չկա։

Հիշեցնենք` ոստիկանությունն առավոտյան հայտնեց, որ այսօր՝ ժամը 7:50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության «Հոնդա» ավտոբուսը և «Նիսան» մեքենան։ Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել՝ 12 անձ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։