«Ռազմական լուծման դեպքում Ադրբեջանը որևէ բանի չի կարող հասնել»․ Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ դեբատը չկայացավ Ալիեւի պատճառով

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

– Պարո՛ն Սաֆարյան, ի՞նչ խնդիր լուծեց Մյունխենում Արցախի հարցով Փաշինյան-Ալիև դեբատը։ Կան տեսակետներ, որ պետք է ընդհանրապես նման ձևաչափով քննարկումների չմասնակցել։

– Ես միշտ խորհուրդ եմ տալու պարոն Փաշինյանին մասնակցել նման հանդիպումների՝ միշտ գիտակցելով, որ այդ ֆորումներում ղարաբաղյան խնդիրը երբեք չի լուծվելու, և այդ ֆորումները միշտ ունենալու են շոուի էֆեկտ։ Տեսախցիկների առաջ ոչ մի նախագահ լուծման ու փոխզիջումների մասին չի խոսելու, հետևաբար, պետք է հասկանալ, թե ո՛րն է այդ ֆորումների նպատակը։

– Իսկ ո՞րն է նպատակը։

– Այդ ֆորումների նպատակն է քո դիրքորոշումները, մոտեցումները միջազգային հանրությանը և խնդրով զբաղվող փորձագիտական ու քաղաքական շրջանակներին հասցնելը։ Հիմա, եթե այդ կտրվածքով նայենք, արդյոք Փաշինյանն ու Ալիևը դա կարողացա՞ն անել։ Անշուշտ դեբատը կարելի է համարել կայացած որպես դեբատ, բայց որպես անելիքների, հնարավորությունների քննարկում, իհարկե, այն այդպես էլ չկայացավ։ Իսկ չկայացավ Ալիևի մեղքով, որը հենց սկզբում իրեն հատկացված երեքրոպեանոց հայտարարությունների ժամանակը նվիրեց Ադրբեջանում վերաշարադրված պատմությունը ներկայացնելով։ Հավատացնում եմ ձեզ, այդ դեբատին մասնակցող կամ դրան հետևող մարդիկ ամենևին հետաքրքրված չեն պատմության հարցերով։ Եվ այս կտրվածքով Ալիևը, իհարկե, նոր չէ, որ այդ ձայնապնակը պտտեցնում է՝ և՛ «օկուպացիայի», և՛ փախստականների, և՛ ընդհանուր առմամբ պատմության մասով։ Այդտեղ խնդիրն այն էր, որ ստեղծված իրավիճակում, իհարկե, Նիկոլ Փաշինյանը հարկադրված էր իր խոսքը երկու մասի բաժանել, ինչը և արեց։ Մի մասում նա հակադարձեց պատմական հատվածին՝ հերքելով կեղծիքը և խոսելով ԼՂ հայ բնակչության համար ստեղծված գոյապահպանման, անվտանգության խնդիրների մասին։ Բայց նաև շարադրեց, թե ինքն ինչպես է պատկերացնում գործընթացը։ Եվ այստեղ, ես կարծում եմ, ամենակարևոր և միջազգային հանրությանը հետաքրքրող մասն այն էր, թե ինքն ինչպես է պատկերացնում պրոցեսը։

– Եվ այդ ուղերձը տեղ հասա՞վ։ Միջազգային հանրության արձագանքն ինչպե՞ս է։

– Ինձ թվում է՝ այո։ Առարկայական որևէ դետալի մասին նա չխոսեց և ճիշտ արեց, որովհետև, կրկնում եմ, դրանք բովանդակային բանակցություններ չեն։ Եվ այս առումով չպետք էր թույլ տալ, որ Ադրբեջանը հասներ իր ուզածին։ Ադրբեջանը փորձում էր, այսպես ասած, Հայաստանին մտցնել առարկայական քննարկումների դաշտ։ Եվ խնդիր էր դրել, որ մինչև անվտանգության ու բանակցությունների, այսպես ասած, նորմալ պայմանների վերականգնում տեղի չունենա, դրա մասին խոսելն անիմաստ է։ Այս առումով Փաշինյանը չտվեց այն, ինչ ուզում էր ստանալ Ալիևը։ Փաշինյանը խոսեց սոսկ բանակցության մեթոդաբանությունից, բանակցության կանոններից, և դա ճիշտ էր։ Նա մինի հեղափոխությունը հաստատեց այն մասով, որ ինքն իշխանության գալուց հետո իրականացրել է՝ այս առումով նույնիսկ ժլատ չգտնվելով և դափնիները կիսելով Ալիևի հետ, ինչպես Դուշանբեի վերելակային պայմանավորվածություններն էին։ Բայց նա նաև պարզ ասաց, որ այս խնդրի լուծման համար նույն երկու քայլերը բավարար չեն լինելու։ Եվ ևս մեկ անգամ նա հիշատակեց Արցախի սուբյեկտայնության մի քանի հարթություն։ Առաջինը՝ լուծման ընդունելիություն ոչ միայն Ադրբեջանի ու Հայաստանի հասարակությունների, այլև առաջին հերթին Արցախի հասարակության համար։ Սա հասարակության առումով սուբյեկտայնության խնդիրն է լուծում։ Երկրորդ՝ նա Ադրբեջանի նախագահին ուղղակի մերկացրեց ստի մեջ, երբ նա հասկանալիորեն փորձեց ցույց տալ, թե խոսելու բան չունի Արցախի ժողովրդի հետ։ Փաշինյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը երկու անգամ ստիպված է եղել հրադադարի պայմանագիր կնքել և ոչ միայն հայկական կողմի, այլ նաև Արցախի պաշտպանության նախարարի հետ։ Եվ երկու անգամ էլ մասնակցել է բանակցությունների, որտեղ իր դիմաց նստած է եղել ԼՂ օրինական ներկայացուցիչը։

Հաջորդ խնդիրը, որը կարևոր էր, ատելության միջավայրն է հակամարտող կողմերի միջև, որի պայմաններում չի կարող լուծում քննարկվել։ Եվ այստեղ էր, որ Փաշինյանն առաջ քաշեց սոցիալական ցանցերը միմյանց դեմ պատերազմի գործիք չդարձնելու կոչը՝ պատրաստակամություն հայտնելով, որ ինքը Ադրբեջանի հասարակությանն ասելիք ունի, և նաև պատկերացնում է, որ Ադրբեջանի նախագահն էլ ասելիք պետք է ունենա։ Այստեղ Ալիևը բացահայտ ուղղակի հայտնվեց մի իրավիճակում, երբ խոստովանեց, որ ինքն Արցախի հասարակությանն ասելիք չունի։ Եվ ընդամենն իր ասելիքն այն էր, որ Հայաստանը պետք է դադարեցնի այդ «չճանաչված պետության» ֆինանսավորումը, հանի զորքերը, և այդ ժամանակ ինքը ոչ թե ասելիք ունի, այլ կարող է առաջարկել, այսպես ասած, ինքնավար իրավունքներ Ադրբեջանում բնակվող հայ հասարակության համար։ Բայց այստեղ, կարծում եմ՝ պատկերը շատ հստակ է, և Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Նախիջևանում և Շահումյանի շրջանում գեթ մեկ հայ չի մնացել Ադրբեջանի քաղաքականության հետևանքով։

Նաև կարևոր էր, որ Փաշինյանը խաղաղության շահերի առումով փորձեց լուրջ կամուրջներ ստեղծել այլ խոշոր խաղացողների հետ, որոնք նույնպես շահագրգռված են տարածաշրջանի խաղաղությամբ՝ նշելով, որ ըստ էության Հայաստանն ու Արցախը գիտակցում են իրենց պատասխանատվությունը ոչ միայն ազգային օրակարգում, այլ նաև որպես տարածաշրջանային օրակարգի մի մաս և իրենց հանձնառությունը հաստատում են։ Եվ Փաշինյանի այս մոտեցումն ընդհանուր առմամբ կարևոր էր նրանով, որ ինքը շատ հստակ դրեց պատերազմի խնդրի լուծման հարցը և այստեղ միջազգային հանրության անելիքը՝ նշելով, որ ուղերձներում ու քայլերում պետք է հստակ լինի, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չի ունենալու։ Այլապես, եթե կա մեկը, ով խոսում է ռազմական լուծման մասին (իսկ դա Ալիևն էր՝ բոլորը գիտեին), ապա հայկական կողմի պատասխանն է, որ մենք այն արդեն այդ եղանակով լուծել ենք։ Այսինքն՝ ռազմական լուծման դեպքում, բնականաբար, Ադրբեջանը որևէ բանի չի կարող հասնել։

Եվ ևս մեկ դետալի մասի կուզեի խոսել, դա այն է, որ Փաշինյանի մոտեցումներում նկատելի է՝ նա խուսափում է հիմք ընդունել նախկինում բանակցված որևէ փաստաթուղթ, որը, ինչպես ինքը նշեց ամիսներ առաջ, Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր կերպ էին ընկալում։ Խոսքը Մադրիդյան սկզբունքների մասին է՝ վեց տարրերի և երեք սկզբունքների։ Եվ այստեղ նկատելի էր, որ նա նույնիսկ հղում չարեց կամ չվերահաստատեց նախորդների գիծը, որ հայկական կողմը պատրաստ է որոշակի տարածքային զիջումների, եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը։ Սա վերին աստիճանի կարևոր հանգամանք է, սա նշանակում է, որ Փաշինյանը հստակ գիտակցում է, որ նախկինում այդ իրավունքի իրացումը պատանդ է թողնվել Ադրբեջանին, որն ավելի է ուժեղացրել Ադրբեջանի քմահաճույքները և համառությունը։ Այս իմաստով Փաշինյանը նույնիսկ շրջանցեց այն հարցը, որը վերաբերում էր փուլային կարգավորմանը։

Ընդհանրապես նկատելի էր, որ նա առարկայական դետալների մեջ գիտակցված չմտավ և շատ ճիշտ վարվեց, որովհետև, նորից եմ կրկնում, ոչ միայն տեղը չէր, այլ նաև այդպիսի քննարկման համար բավարար պայմաններ ապահովված չեն։ Ձևաչափի աղճատված տեսքը վերականգնված չէ, և լավագույնը, որը նա կարող էր համարձակորեն ասել ու ասաց, Հայաստանի և Արցախի համատեղ հանձնառությունն է՝ մինի հեղափոխություններով ճեղքում արձանագրել բանակցային գործընթացում և սկսել նոր բանակցային պրոցես։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am