«Վատիկանը պետք է զբաղվի բարոյական հարցերով». Վենսը՝ Հռոմի պապ Լևոն XIV-ին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը արձագանքել է Դոնալդ Թրամփի և Հռոմի պապ Լևոն XIV-ի միջև առաջացած վեճին՝ հորդորելով Վատիկանին չմիջամտել քաղաքական հարցերին այն բանից հետո, երբ պապը քննադատել էր Սպիտակ տան դիրքորոշումը Իրանի պատերազմի վերաբերյալ։

Fox News-ին տված հարցազրույցում Վենսը նշել է, որ Վատիկանը պետք է կենտրոնանա բարոյական և եկեղեցական հարցերի վրա, իսկ ԱՄՆ նախագահը՝ ձևավորի երկրի քաղաքականությունը։

Վեճը սկսվել է այն բանից հետո, երբ Հռոմի պապը Վատիկանում իր ելույթում ակնարկել էր Իրանի պատերազմի շուրջ «ամենակարողության մոլորության» մասին՝ կոչ անելով հրաժարվել ուժի ցուցադրությունից և պատերազմից։

Դոնալդ Թրամփը կոշտ է արձագանքել՝ իր Truth Social հարթակում պապին մեղադրելով «թուլության» և «ծայրահեղ ձախերին աջակցելու» մեջ։ Ավելի ուշ նա հրապարակել էր նաև արհեստական բանականությամբ ստեղծված պատկեր, որը քննադատության ալիք էր առաջացրել։

Վենսը, պաշտպանելով նախագահին, նշել է, որ նման տարաձայնությունները քաղաքականության մեջ բնական են և չպետք է մեծացվեն։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը գործում է երկրի շահերից ելնելով։

Միևնույն ժամանակ, պապ Լևոն XIV-ը հայտարարել է, որ շարունակելու է խոսել պատերազմի դեմ և խաղաղության օգտին։